Թուրքիայում կձերբակալեն ազգային հետախուզական ծառայության նախկին աշխատակիցների
Թուրքիայի 21 նահանգում գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների շրջանակում ազգային հետախուզական ծառայության 45 նախկին աշխատակցի ձերբակալելու մասին որոշում է ընդունվել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Բացի այդ, որոշում է կայացվել ձերբակալել գյուլենականների հետ առնչություն ունեցող 18 իմամի:
Թուրք իրավապահ մարմիններն այս պահին գործողություններ են իրականացրել 32 հասցեում, որի արդյունքում ձերբակալվել է 9 կասկածյալ:
Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ: Երկրի մասնավոր ու պետական հատվածներում գյուլենականների հետ առնչություն ունենալու հիմնավորմամբ ընթանում են զանգվածային ձերբակալություններ:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: