«Ադրբեջանն այս հարցում շահագրգռված չէ, որովհետև կարգավորման ընթացքում կարգավիճակի հաստատման հարցը բխում է ՀՀ շահերից». Սերգեյ Մինասյան

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝  համարձակ կլիներ ասել, թե որակապես նոր շրջան է աստեղծվել Արցախի հակամարտության բանակցային գործընթացում և զարգացման փուլում: Բայց, ըստ նրա՝  կան արտաքին և ներքին գործոններ, որոնք հնարավորություն են տալիս ասելու, որ ունենք նոր զարգացումներ, թեև, քաղաքագետի խոսքով՝ այն գործոնները, որոնք ազդել են հակամարտության վրա, տարիներով մնում են և պահպանվում:

«ԱՄՆ նոր համանախագահի նշանակումը և հայկական մամուլի այն պարզաբանումը, թե դա փոխում է ԱՄՆ-ի դերը մեր տարածաշրջանում, մի փոքր չափազանցված է: Դա որակապես չի փոխի ԱՄՆ-ի դիվանագիտական ներգրավվածությունը ՄԽ աշխատանքի մեջ»,- այսօր կազմակերպված «Անվտանգությունն և դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում. նոր փո՞ւլ» թեմայով քննարկման ժամանակ ասաց նա:

Մինասյանի խոսքով՝ այս պահին չունենք կոնֆլիկտի լուծման շուրջ իրական բանակցային գործընթաց. «Բոլոր քննարկումներն իրականում կապված են այլ խնդրի հետ. վստահության մեխանիզմների  ներդրման  և միջադեպերի կանխման մասին է խոսքը: Առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման՝ դժվար թե կարողանանք խոսել լուրջ բանակցային գործընթացի մասին: Այս խնդրի առկայությունը մեծամասաբ պայմանավորված է ադրբեջանական կողմի մոտեցումներով: Ադրբեջանը շահագրգռված չէ  վստահության մեխանիզմների ստեղծմամբ»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն այս հարցում շահագրգռված չէ, որովհետև կարգավորման ընթացքում կարգավիճակի հաստատման հարցը բխում է ՀՀ շահերից:

«Ապրիլյան իրադարձությունների նշանակալի արդյունքներց մեկն այն է, որ կողմերը լուրջ մոտեցան այն կարմիր գծին, որը կարող է բերել ռազմական գործողությունների սկսման:  Հետապրիլյան շրջանում ռազմատեխնիկական բալանսում որոշակի փոփոխություններ տեղի ունեցան: Բացի ՌԴ-ի հետ համագործակցությունից՝ հայկական կողմը փորձում է գտնել նոր լծակներ, նոր հնարավորություններ»,- ասաց նա:

Մինասյանն ընդգծեց, որ և՛ Ադրբեջանի ներսում, և՛  Հայաստանում, և՛ Արցախում տեղի են ունենում որոշակի ներքին գործընթացներ, որոնք ազդում են արցախյան հարցի վրա. «Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը բերում է նրան, որ այնտեղի իշխանություններն ավելի կոշտ քաղաքականություն են վարում Արցախի դեմ: Հայաստանի և Արցախի դեպքում մենք որոշ ուսումնասիրություններ ենք կատարել, որոնք ցույց են տալիս, որ բավականին կոշտանում են մոտցումները հետագա զիջումների և փոխզիջումների, պատերազմի և խաղաղության միջև ընտրանքի հարցի շուրջ: Այդ գործընթացներն ավելի բացասական և ռադիկալ բնույթ են ստանում, ինչը պետք է է հաշվի առնեն հասարակությունը, քաղաքական շրջանակները և արտաքին ուժերը, որոնք ներգրավված են արցախյան հակամարտության համատեքստում»:

Տեսանյութեր

Լրահոս