Աշոտ Մելիքյանը Դավիթ Հարությունյանին հիշեցրեց անցյալում տված խոստումը
Արդարադատության նախարարության Անձական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղյակ չի եղել, որ Ազգային ժողովը հեռացրել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի երրորդ կետը, ըստ որի՝ անձնական տվյալներ հավաքելու և մշակելու արգելքը չի տարածվում միայն լրատվամիջոցների և գրական-գեղարվեստական ստեղծագործությունների վրա։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գևորգ Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ վերջերս «Ա1+» առցանց լրատվամիջոցի պատրաստած ռեպորտաժում բարձրաձայնվեց այն մասին, որ Ազգային ժողովը գաղտնի ձևով հեռացրել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի երրորդ կետը, ըստ որի՝ անձնական տվյալներ հավաքելու և մշակելու արգելքը չի տարածվում միայն լրատվամիջոցների և գրական-գեղարվեստական ստեղծագործությունների վրա։ Նշենք նաև, որ դա տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբեր ամսին:
Գևորգ Հայրապետյանն այսօրվա ասուլիսի ժամանակ նշեց, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի առաջին հոդվածի երրորդ մասի փոփոխություններն իրականացվել ենք այլ օրենքների փաթեթների փոփոխությունների շրջանակներում. «Դա ուներ հետևյալ հիմնավորումը, որ զանգվածային լրատվության միջոցներին վերաբերող կարգավորումներն արդեն իսկ առկա էին ԶԼՄ օրենքում, հետևաբար՝ հնարավոր տարընթերցումներից խուսափելու համար առաջարկվել է առկա նորմն ուժը կորցրած ճանաչել: Փաթեթի հեղինակը կառավարությունն է, բայց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի փոփոխության հատվածը փաթեթում ներառվել է այն ժամանակ, երբ փաթեթն արդեն Ազգային ժողովում էր՝ առաջինից երկրորդ ընթերման ռեժիմում, և այն մեր գործակալության դիրքորոշմանը չի ներկայացվել»:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ի նախագահ Լիանա Դոյդոյանն էլ նկատեց, որ նախագիծը մշակելիս այն դրվել է լուրջ հանրային քննարկման, որին հասարակական կազմակերպությունները, լրագրողները մասնակցել են.
«Լուրջ քննարկումներ ու հիմնավորումներ են լինում, և հանկարծակի, թաքուն, մեկ օրվա, մեկ գիշերվա մեջ, չգիտեմ որտեղից, վերևներից եկած որոշումն իրականացնում են: Այն բոլոր հիմնավորումները, որ Ազգային ժողովն այս իրավունքն ուներ, և պարզապես առաջին և երկրորդ ընթերցումները համարել հանրային քննարկում և միանգամից ընդունել, այն հիմնավորումը, որ ԶԼՄ օրենքում արդեն կարգավորված է, ինչն այդպես չէ, որովհետև խիստ տարբեր են, անընդունելի է, չի կարելի նման փոփոխությունն իրականացնել թաքուն: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը նույնպես շատ թաքուն է մշակվում»:
Լ. Դոյդոյանի խոսքով՝ եթե բացենք «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 24-դ հոդվածը, շատ հստակ գրված է, գործակալության լիազորություններն են սահմանվում, որով գործակալությունը կարող է վարույթ հարուցել.
«Այսինքն՝ Արդարադատության նախարարությունն արդեն իսկ լիազորություն ունի ոչ միայն այլ մարմիններ, այլև լրատվամիջոց մտնել ոչ միայն՝ բողոքի առկայության դեպքում, այլև՝ սեփական նախաձեռնությամբ, որպեսզի տեսնի, թե ինչպես ես պահպանում ձեռք բերված տվյալները:
Այսինքն՝ սա չի վերաբերում միայն հրապարակված անձնական տվյալներին, այստեղ վերաբերում է մշակված փուլից հավաքված տվյալներին, երբ հետաքննություն իրականացնելիս սկսում եք հավաքագրել տվյալներ: Այստեղ կարող է գործակալությունը ներկայանալ և ասել՝ ցույց տվեք, թե ինչպես են պահպանվում այդ տվյալները, շատ դեպքերում դրանք միգուցե չհամապատասխանեն օրենքի կետին և պահանջներին, և վարույթ հարուցեն: Շատ կարևոր է, որ որևէ վարչական մարմին վարչական տուգանքի սահմանման իրավունք չուներ, իսկ հիմա այս գործակալությունը կարող է մոտ 500 հազարի տուգանք սահմանել»:
«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանն էլ նկատեց, որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանն ամենաքիչն է պետք այստեղ մեղադրանք ներկայացնել. «Որովհետև գործակալությունն այստեղ զոհ է այն առումով, որ ինքը նույնպես տեղյակ չի եղել: Այսինքն՝ այն գործակալությունը, որի գործառույթների մեջ է մտնում այդ ամենը, հանկարծ տեղյակ չի լինում՝ ինչպես է այդ փոփոխությունն իրականացվում, էլ չեմ ասում, որ դա ուղիղ կապ ունի լրագրողների հետ, ԶԼՄ-ների գործունեության հետ, որոնք նույնպես տեղյակ չեն եղել: Մինչդեռ այսօրվա նախարարը, երբ տարիներ առաջ էր նախարար, լրագրողական կազմակերպություններին խոստացավ, որ ցանկացած օրենսդրական նախաձեռնությունը, որը կվերաբերի այս ոլորտին, առանց քննարկման չի ընդունվի: Ես հուսով եմ, որ այս ժամանակահատվածում, որ Դավիթ Հարությունյանը նորից նշանակվել է նախարար, կհետևի այդ խոստմանը, և այսուհետ նման կազուսներ այլևս տեղի չեն ունենա»:
Ա. Մելիքյանը կարծում է՝ նաև գործակալության ակտիվ մասնակցությամբ՝ լրագրողական կազմակերպությունները կարող են մի գործընթաց նախաձեռնել, որպեսզի այդ դրույթը վերականգնվի. «Դրանով, կարծում եմ՝ կլուծվի շատ կարևոր հարց, ու ամեն մի պաշտոնյա կամ այլ հայտնի մարդ, որ աշխատում է չերևալ ԶԼՄ-ներում, որ իր մութ գործերն, ինչքան հնարավոր է՝ ստվերում մնան, չի օգտագործի այդ հանգամանքը, և չի ասի՝ իմ անձնական տվյալների հետ գործ չունեք, մինչև ես ձեզ թույլ չտամ»:
Ա. Մելիքյանը նաև անդրադարձավ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շուրջ ծավալվող քննարկումներին՝ նշելով, որ քննարկումներ եղել են, բայց թե որքանո՞վ են այդ քննարկումների ընթացքում հնչած առաջարկությունները հաշվի առնվել, արդեն այլ հարց է. «Այդ հանդիպումները տեղի ունեցել են, բայց իմ գնահատմամբ՝ դրանք դեռևս անարդյունավետ են, հիմնական հիմնավորումը, որ սա պետական մարմինների գործունեության կազմակերպման համար է արվում, ինձ համար անընդունելի է այն առումով, որ անցած տարվա վերջին «Գնումների մասին» օրենքում փոփոխություն մտցվեց, ըստ որի, երկրի նախագահի, ԱԺ-ի նախագահի և վարչապետի գնումները դասվեցին պետական գաղտնիք համարվող գնումների շարքում: Հիմա «Տեղեկատվության ազատության մասին» օրենք է ընդունվում, որպեսզի ցույց տրվի, որ կոռուպցիայի դեմ ենք պայքարում, թափանցիկության համար ենք պայքարում, և այլն: Եթե այդ պայքարը չսկսենք երկրի առաջին երեք դեմքերից, մնացածն արդյունավետ չի լինի»: