Հայաստանի «Ինժեներական քաղաքը»՝ Ջրվեժը, կդառնա նոր գաղափարներ արարելու էկոմիջավայր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևանի Ջրվեժ թաղամաս. հենց այստեղ է նախատեսվում իրականացնել ՏՏ ոլորտի ամենախոստումնալից նախագծերից մեկը` «Ինժեներական քաղաքը»։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ տարածքում արդեն պատրաստ են և գործում են երկու թանգարաններ, գրադարան, գրեթե ավարտին է հասցվում ինժեներական ընկերությունների համար նախատեսված գրասենյակային շենքի շինարարությունը։
Կատարված աշխատանքը և ապագա ծրագրերը նախարարին ներկայացրեց «Նեյշնլ Ինսթրումենթս Հայաստան» ընկերության ղեկավար Արամ Սալաթյանը։
Տիեզերքի թանգարանում բացառիկ նմուշներ են. 1962-ին արձակված «K2» հրթիռային աստղադիտարանի վայրէջքային հատվածը, մի դետալ «Միր» հրթիռից, հայտնի ու ականավոր հայ գիտնականների լուսանկարներ, կենսագրականներ, այն ամենը, ինչ հայ անունը կապում է տիեզերքի բացահայտման դժվարագույն գործին։
Մյուսը Գիտության ու տեխնիկայի թանգարանն է։ Մուտքի մոտ հյուրերին դիմավորում է հայկական արտադրության առաջին և միակ մեքենան` 70-ականների «Երազը»։
Խորհրդային Միության Սիլիկոնային հովտի` Խորհրդային Հայաստանի ինժեներական և գիտական ներուժն ամփոփված է Գիտության ու տեխնիկայի թանգարանի այս նմուշներում ու լուսանկարներում, որոնք կարճ ժամանակում հավաքվել են հանրապետության բոլոր մարզերից, մեծ ու փոքր քաղաքներից ու գյուղերից։
Թանգարանի նմուշների կողքին կարելի է գտնել հայկական արտադրության էլեկտրական մեքենայի նախատիպը ներկայացնող լուսանկարներ։ Առաջադեմ աշխարհում այսօր նորաձև էլեկտրական մեքենայի գաղափարը հայ ինժեներները մտահղացել են դեռևս 70-ականներին։
Այստեղ նաև հայ ականավոր գիտնականների, գյուտարարների դիմապատկերներն են։ Արամ Սալաթյանը նշեց, որ թանգարանի մեծ մասը նվիրված է Հայաստանի ինժեներության փառավոր անցյալին: Որպեսզի պատկերն ամբողջական լինի, մի փոքր անկյուն էլ այսօրվա ինժեներական ընկերություններին է հատկացվել։
Նախարար Վահան Մարտիրոսյանը թանգարանի այցելուների մատյանում գրառում կատարեց` խոստանալով մասնակցել նմուշների համալրմանը։
«Ինժեներական քաղաք» նախագիծը դեռ առջևում է։ Նախատեսվում է ստեղծել մի էկոմիջավայր, որտեղ ինժեներական ընկերությունները կարարեն նոր գաղափարներ, իրենցից երիտասարդներին կօգնեն սովորել ու փորձ ձեռք բերել և կվերականգնեն Հայաստանի գիտատեխնիկական համբավն ամբողջ աշխարհում։
Ինժեներական քաղաքի կառուցման սպասումով տասնյակ ինժեներական ընկերություններ գործում են ՁԻՀ բիզնես կենտրոնում։ «Այս փոքրիկ սենյակներում իրապես մեծ գործեր են կատարվում»,- ասում է Արամ Սալաթյանը։
Երիտասարդ, բայց արդեն փորձառու ինժեներները նախարարին պատմել են իրագործած նախագծերի, տեխնոլոգիական նոր միտումների վերաբերյալ իրենց հետազոտությունների մասին. 5G ցանցից մինչև ինքնակառավարվող մեքենա ու արհեստական բանականություն։
Նախարարը հետաքրքրվեց, թե ինչ կիրառական գործածություն ունեն հայ ինժեներների մշակած լուծումները։
«Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համակարգային ինժեներ Ավագ Ծատուրյանը նախարարին ներկայացրեց ինքնակառավարվող մեքենայի աշխատանքի հայեցակարգն ու այդ ուղղությամբ իրենց առաջարկած լուծումները:
Սուրեն Էյրամջյանը նույնպես «Նեյշնլ Ինսթումենթսի» ինժեներներից է, նա ներկայացրեց իր կատարած աշխատանքները՝ նշելով, որ իրենց նախագծերի հաճախորդներն ընկերություններ են աշխարհի տարբեր ծայրերից։
Արտասահմանցի հաճախորդները գերակշռող են, սակայն երբեմն նախագծեր են իրականացնում նաև հայաստանյան շուկայի համար, կամ գոնե փորձարկում արդեն պատրաստի արտադրանքները Հայաստանում։
«Olymp Enginеering» ընկերության տնօրեն Օրբել Սևոյանը, օրինակ, պատմել է, որ իրենց նախագծած և արտադրած տվյալների գրանցիչն օգտագործվելու է եղանակի կանխատեսումների համար և արդեն փորձարկվել է Հայաստանում:
Արամ Սալաթյանի համոզմամբ՝ հայ ինժեներները քայլում են ժամանակին համընթաց և իրենց մասնագիտական որակներով կարող են մրցել աշխարհի զարգացած երկրների մասնագետների հետ։ Սակայն նոր ինժեներներ կրթելու և պրոֆեսիոնալներին առաջ մղելու համար «Ինժեներական քաղաքը» կարող է մեծ քայլ առաջ լինել։
Սիրարփի Աղաբաբյան