Բաժիններ՝

Կրքերն ԱԺ-ի բուֆետի շուրջ չեն դադարում. ՀՏ Հայկոյից բացի օբյեկտը հետաքրքրում է ևս 5 հոգու. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքելով armtimes.com-ի «ԱԺ-ի բուֆետը կռվախնձոր՝ ռեփերի եւ հրուշակագործի միջեւ. ի՞նչ կապ ունի Արա Բաբլոյանը» վերտառությամբ հոդվածին, պարզաբանել են կառույցի բուֆետի շուրջ բարձրացած աղմուկը: Մասնավորապես, տեղեկացրել էինք, որ ԱԺ բուֆետը շուտով կառավարվելու է նոր ՍՊԸ-ի կողմից, իսկ ներկա ՍՊԸ-ի տնօրեն Էդիկ Գրիգորյանն armtimes.com-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Ազգային ժողովի ղեկավարությունը ցանկանում է մրցույթ անցկացնել:

ԱԺ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ այս պահին մրցույթ անցկացնելու մտադրություն չկա, հստակեցվում են միայն մրցույթի անցկացման կանոնները:

«Բուֆետ, սննդի, հիգիենայի եւ այդ բոլոր ծառայությունների մասով անհրաժեշտություն կա կատարելու հսկայական բարելավումներ: Մասնավորապես, ուսումնասիրելով աշխատակիցների կարծիքները՝ եկանք այն համոզմանը, որ փոփոխություններ պետք է կատարենք եւ բուֆետում, եւ զուգարաններում: Այդ բարեփոխումների շրջանակներում ստեղծեցինք մրցութային պայմաններն ուսումնասիրող եւ սահմանող հանձնաժողով, որը ուսումնասիրությունների արդյունքում պետք է տա մրցութային այնպիսի կանոններ, որի բավարարման դեպքում մենք կունենանք սպասարկման լավագույն որակը: Կարող եմ ասել, որ այս պահին մրցույթ հայտարարված չէ, հստակեցվում են մրցույթի պայմանները: Երբ կունենանք մրցույթի վերջնական պայմաններն այդ ժամանակ նոր կհայտարարվի մրցույթ, որին կարող են մասնակցել բոլորը»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Բաբայանը:

Այս պահին Ազգային ժողովի բուֆետի աշխատանքները կառավարում է «Ազգային սնունդ»» ՍՊԸ-ն, որի ղեկավարի խոսքով`նախկինում մրցույթ չի անցկացվել, այլ ԱԺ նախկին նախագահի հանձնարարականով հարցը կարգավորել են բանակցային ճանապարհով:

Այս մասին Արսեն Բաբայանն ասաց. «Նախկինում որոշակի ուսումնասիրությունների, քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգմանը, որ ներկայիս ընկերությունը կարող է իրականացնել բուֆետի կազմակերպման աշխատանքները: Անցնելով որոշակի ժամանակ եւ ուսումնասիրելով աշխատակիցների կարծիքները՝ եկել ենք այն համոզմանը, որ անհրաժեշտ է կատարել որոշակի դրական փոփոխություններ»,- ասաց նա եւ ավելացրեց, որ ԱԺ աշխատակիցների կողմից դժգոհություններ կան բուֆետի սննդի եւ մաքրության հետ կապված:

Բաբայանն անդրադառնալով նաեւ երգիչ ՀՏ Հայկոյին պատկանող ընկերության կողմից բուֆետի կառավարման տեղեկություններին՝ նշեց, որ երգչից բացի եւս 5 ընկերության սեփականատեր եկել, եւ ուսումնասիրել են բուֆետի տարածքը, սակայն դա չի նշանակում, որ նրանցից որեւէ մեկն է ղեկավարելու:

«ՀՏ Հայկոյից բացի սպասարկման ոլորտի 4-5 ընկերություններ եկել, եւ որոշակի ուսումնասիրություններ են կատարել, որովհետեւ մինչեւ մրցույթին մասնակցելը որպես բիզնեսմեն պետք է ուսումնասիրեն: Բնականաբար՝ հիգիենիկ վիճակները պետք է ուսումնասիրեն, թե դա ինչպես պետք է շտկեն, պետք է հասկանան, թե տարածքում ինչպիսի օդափոխման համակարգ պետք է լինի, ինչպիսի վառարաններ պետք է լինի»,-եզրափակեց Բաբայանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս