Տարոն Մարգարյանի հայցը բավարարվեց. Շահեն Հարությունյանը 150 հազար դրամով կտուգանվի. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչական դատարանը երեկ մասնակի բավարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայցն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանի: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը միանգամից 4 վարչական հայց է ներկայացրել ակտիվիստ Շահեն Հարությունյանի դեմ:

Հայցերը վերաբերում են Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան, ինչպես նաեւ հաջորդող օրերին Ազատության հրապարակում չիրազեկված հավաք եւ այնուհետեւ երթեր անցկացնելուն: Մեր զրույցում Շահեն Հարությունյանն ասաց, որ դատարանը մի դրվագով իրեն մեղավոր է ճանաչել՝ եւ 150 հազար դրամով տուգանել, իսկ մյուս երեք դրվագով՝ արդարացրել: Հարությունյանն ասաց, որ վարչական դատարանի սույն որոշումը բողոքարկելու է: Նա նաեւ նշեց, որ իր համար սպասելի էր դատարանի սույն որոշումը:

Քաղաքապետը պահանջում էր պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հավաքներ եւ երթեր անցկացնելու համար: Պատասխանող կողմը դատաքննության ընթացքում պնդել էր, որ հայցն անհիմն եւ ենթակա է կարճման»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս