ԵՊՀ-ում սպասվում են դասախոսների, վարչական և ուսումնաօժանդակ աշխատողների կրճատումներ. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի պետական համալսարանում հնարավոր են դասախոսների, ինչպես նաեւ վարչական եւ ուսումնաօժանդակ աշխատակիցների կրճատումներ:
Բուհի լրատվական ծառայությունից հաստատում են այս տեղեկությունը, բայց եւ նշում, որ վերջնական պատկերը պարզ կլինի մոտավորապես տասը օր հետո, ու հնարավոր կլինի գնատահել, թե որքանով հաջողվեց խուսափել կտրուկ քայլերից, ինչին ձգտում են:
ԵՊՀ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Գրիգորյանը նշեց, որ այժմ ընթացքի մեջ է դասախոսների ժամաքանակի վերահաշվարկի գործընթացը: Նպատակ է հետապնդվում դասաժամերի վերաբաշխման եւ ծանրաբեռնվածությունը կիսելու ճանապարհով հնարավորինս զերծ մնալ դասախոսներ կրճատելուց:
«Երեւանի պետական համալսարանն ունի 105 ամբիոն: Բացի մի քանի ֆակուլտետներից, որտեղ ընդունվածների թիվը փոքր չէ (օրինակ` իրավագիտության, միջազգային հարաբերություններ, ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ), մնացած ամբիոններում ժամաքանակի որոշակի խմբագրումներ արվում են: Արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել մոտ 10 օրից: Բայց այն, որ պետք է կրճատումներ լինեն, ակնհայտ է»,- ասաց Կարեն Գրիգորյանը:
Ստեղծված իրավիճակն, ըստ նրա, պայմանավորված է ուսանողների թվի նվազմամբ:
Ինչ վերաբերում է Երեւանի պետական համալսարանի դասախոսների քանակին, հիմնական, համատեղմամբ եւ ժամավճարով այստեղ աշխատում է մոտավորապես 1 600 մարդ:
Եվս 1 000 մարդ վարչական եւ ուսումնաօժանդակ աշխատող է: Կարեն Գրիգորյանը չբացառեց, որ այս երկրորդ հատվածում նույնպես կրճատումներ կլինեն, բայց այս դեպքում էլ փորձ է արվում հնարավորին չափով կրճատել հաստիքները, եւ ոչ մարդկանց»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: