Բաժիններ՝

Երիտասարդները շարունակում են ազգային հավաքականի «ավանդույթները». Արթուր Ոսկանյանի մեկնաբանությունը

Վերջին օրերն անհաջող էին Հայաստանի հավաքականների համար: Ազգային ընտրանին պարտվեց 1:4 հաշվով, իսկ մինչև 21 տարեկանների հավաքականն էլ սեփական հարկի տակ պարտվեց Մակեդոնիայի հավաքականին՝ 0:3 հաշվով:

Մինչ այս խաղը մինչև 21 տարեկանների հավաքականն ուներ մեկ հաղթանակ և մեկ ոչ-ոքի և գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:

Խաղից հետո երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը խոսել է հանդիպման  մասին.

«Ճիշտն ասած` երկու կոպիտ սխալներից հետո գոլ բաց թողեցինք, երկրորդ խաղակեսում կարողացանք հավասարեցնել խաղը, բայց ի վիճակի չեղանք գոլ խփել։ Ինձ թվում է` երկու կոպիտ սխալները վճռեցին խաղի ելքը։

Առաջին խաղակեսում չէինք կարողանում գնդակ պահել, ինչը հիմնականում կիսապաշտպանների պատճառով էր։ Երկրորդ խաղակեսում կարողացանք մի փոքր շտկել իրավիճակը։

Չեմ ուզում պատճառներ փնտրել, բայց մեր ֆուտբոլիստները խաղում են Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում, սովոր չեն այսպիսի տեմպով խաղալուն։ Թվում էր, թե կհասցնեն վերականգնվել, բայց, իրոք, Ռուսաստանի հետ խաղի թարմությունը չկար:
Իրենց ակումբներում Հայկ Գալստյանն ու Վահան Բիչախչյանը  խաղում են ավելի փորձառու ֆուտբոլիստների կողքին, իսկ այստեղ՝ ավելի ցածր մակարդակի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների կողքին, բայց նրանց ցանկությունը շատ մեծ է։ Նույն Հայկ Գալստյանը, չնայած սխալվեց առաջին գոլի դրվագում, բայց այնքան մեծ ցանկությամբ էր խաղում, որ նույնիսկ ստիպված էի նրան հրահանգել, որ ավելի հանգիստ խաղա, այդքան չվազի»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս