Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը գլխավորապես ուղղվել են տնտեսության կարևորագույն ոլորտներ
Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող վիճակագրության` 2016 թվականին օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքերի ծավալը Հայաստանի տնտեսության իրական հատվածում կազմել է 169.8 միլիոն ԱՄՆ դոլար, որից 130.5 միլիոն ԱՄՆ դոլարը կազմել են օտարերկրյա ուղղակի ներդրումները:
2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը հիմնականում արձանագրվել են՝ Լյուքսեմբուրգից (100.7 մլն ԱՄՆ դոլար), Կիպրոսից (92.2 մլն ԱՄՆ դոլար), Միացյալ Թագավորությունից (70.3 մլն ԱՄՆ դոլար), Ամերիկայի Միացյալ Նահանգներից (25.0 մլն ԱՄՆ դոլար) և Ջերսիից (21.1 մլն ԱՄՆ դոլար):
2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը գլխավորապես ուղղվել են տնտեսության հետևյալ ոլորտներ` էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում (84.0 մլն ԱՄՆ դոլար), կացության կազմակերպում (67.7 մլն ԱՄՆ դոլար), շինարարություն (19.6 մլն ԱՄՆ դոլար), անշարժ գույքի հետ կապված գործունեություն (18.9 մլն ԱՄՆ դոլար) և տեղեկատվություն և կապ (18.6 մլն ԱՄՆ դոլար):
Ընդհանուր ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք /ստացվելիք գումարները, ստացված/ տրված կանխավճարները):
Զուտ հոսքերը հաշվետու ժամանակաշրջանում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների (չշփոթել ՀՀ ռեզիդենտ ընկերությունների կողմից օտարերկրյա պետություններում իրականացված ներդրումային հոսքերի հետ) տարբերություններն են:
ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքեր) ծավալը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից չի հրապարակվում: Վերջինները հաշվարկվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից: