ԵԽԽՎ-ն բացառիկ հնարավորություն ունի բացահայտելու Ալիևի կամակատար եվրոպացի պատգմավորներին. Զոհրաբյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ունի բացառիկ հնարավորություն իր վրայից թոթափելու կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախված ալիևյան կլանի կամակատար եվրոպացի պատգամավորներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Բրիտանական BBC-ն հրապարակել է եվրոպական պարբերականների կոնսորցիումի կողմից իրականացված հետաքննության տվյալները, համաձայն որոնց Ադրբեջանի իշխող էլիտան երկու տարի շարունակ տնօրինել է 2,8 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ գաղտնի հաշիվ, որի միջոցներով գումարներ են վճարվել եվրոպացի քաղաքական գործիչներին ադրբեջանամետ որոշումներ կայացնելու համար: Զոհրաբյանը հիշեցրեց, որ բացի այդ, միջազգային հեղինակավոր պարբերականները հրապարակել են նաև ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամադովի հայտարարությունը, համաձայն որի ինքն Ալիևի անմիջական հրահանգով անձամբ զբաղվել է եվրոպացի պատգամավորների հավաքագրմամբ և միայն եվրոպական ինստիտուտների, մասնավորապես ԵԽԽՎ-ի վրա Ադրբեջանի իշխանությունը տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլար է ծախսել:

«Սա նորություն չէր և արդեն իսկ հստակ փաստեր են հրապարակվում, որ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը` «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» տխրահռչակ զեկույցի հեղինակը, Ադրբեջանի իշխանություններից ստացել է 5 միլիոն դոլար»,- ասաց Զոհրաբյանը:

Նրա խոսքով` պատահական չէ, որ հուլիսյան նստաշրջանում ԵԽԽՎ-ն ստեղծել է կոռուպցիայի փաստերի ուսումնասիրության հատուկ հանձնաժողով, որը դեկտեմբերին իր առաջին հաշվետվությունը պետք է ներկայացնի:

«Վստահ եղեք, որ կոռուպցիոն լրջագույն փաստերի վերաբերյալ տեղեկատվություն այդ մարմնին տրամադրվել է, և կարծում եմ՝ լուրջ բացահայտումներ կլինեն՝ կապված արդեն ոչ միայն հայտնի կոռուպցիոն գործիչ Լուկա Վոլոնտեի վերաբերյալ: Նրա հանդեպ Միլանի դատախազությունում քրեական գործը մոտենում է ավարտին, և Վոլոնտեն, ցանկություն չունենալով միայնակ պատասխանատվության ենթարկվել, տվել է ԵԽԽՎ-ի գործող պատգամավորների անուններ, ովքեր ևս ներքաշված են եղել այդ ամբողջ կոռուպցիոն սխեմայի մեջ»,- ընդգծեց Զոհրաբյանը:

Զոհրաբյանը կարծում է, որ ԵԽԽՎ-ն բացառիկ հնարավորություն է ստացել բոլոր այդ կոռուպցիոն թելերը կտրելու և բոլոր կոռուպցիոն սկանդալները բացահայտելու:

«ԵԽԽՎ-ն ունի բացառիկ հնարավորություն այդ ամենը բացահայտելու և ուղղակիորեն ազատվելու Ալիևի բարձրաստիճան կամակատար լոբբիստներից»,- եզրափակեց Զոհրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս