«Հայաստանը փորձում է 2 լարի վրա խաղալով պահել միջին դիրքը»
«Արտաքին քաղաքական ոլորտում պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը հազվադեպ դեպքերում է եղել, որ պատասխաններ չի ունեցել, բայց այս դեպքում նա պատասխան չուներ և կաշկանդվում էր դրանից»,- հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ընդունելի՞ էր Արտակ Զաքարյանի հիմնավորումը, որ Հայաստանը չի հրաժարվել Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունից, քանի որ նախապես չէր էլ հաստատել իր մասնակցությունը:
Ըստ նրա` ակնհայտ է, որ Հայաստանն այլևս ինքնուրույն արտաքին քաղաքականություն չունի.
«Հայաստանը փորձում է 2 լարի վրա խաղալով պահել միջին դիրքը, ինչը կոմպլեմենտարություն է անվանում, սակայն կոմպլեմենտարություն չէ, դա կոմպլեմենտարության ձև է:
Իրականում Հայաստանը ռուսական թևում է, այնտեղից կարող են իրեն պարտադրել: Շատ տխուր է, որ մեր երկիրը հասել է դրան, բայց եթե այսպես շարունակվի, մի օր էլ կարող է պարտադրել մեր զինանշանից ու հիմնից հրաժարվեն:
Եվ այս իշխանությունները կարող են նաև դրան գնալ, կամ ռուսական ցանկացած բառ մեծատառերով գրել ու մերոնք ասեն` քանի որ ուզում են, քանի որ Ղարաբաղի հարց ունենք, քանի որ Թուրքիան մեծ պետություն է և այլն, եկեք ռուսական ցանկացած բառ, ցանկացած խոսք մեծատառով գրենք: Սա արդեն սարկազմի է հասնում, ինչն ամոթալի է»:
Ա.Սարգսյանի կարծիքով` Հայաստանը կորցնում է 1988-ից հետո իր հիմնական ձեռքբերումը` անկախությունը, ինչը լուրջ մտորումների տեղիք է տալիս: