«Իսկ ո՞վ է ասում, որ վաճառվում են, ո՞վ է ասում, որ համատարած վաճառվում է». Արգամ Աբրահամյան

«Իսկ ո՞վ է ասում, որ վաճառվում են, ո՞վ է ասում, որ համատարած վաճառվում է: Ոչ մի բան չի կատարվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` պատգամավոր Արգամ Աբրահամյանը` մեկնաբանելով տարածված լուրերը, թե Հովիկ Աբրահամյանը վաճառում է իր բիզնեսները:

Ըստ Ա.Աբրահամյանի` տրիկոտաժի գործարանի հետ իրենք վաղուց կապ չունեն, ընդամենը վաճառել են մի գազալցակայան, որի սեփականատերն իր հորեղբայրն էր.

«Կարծում եմ` դա նորմալ պրոցես է, որ եթե մարդ իր բիզնեսից շահույթը համարում է ոչ լավ, վաճառում է, մեկ այլ բիզնեսի մեջ է ներդնում: Դրա մեջ ո՛չ զարմանալու բան կա, ո՛չ էլ տենց բարձրաձայնելու»:

Անդրադառնալով հանքի վաճառքին` Ա.Աբրահամյանը նշեց, որ դա ևս իր հորեղբորն է պատկանել և չի աշխատել:

Նա հերքեց «Արտֆուդի» 50% բաժնեմասի վաճառքի մասին լուրը՝ աելով. «Նման բան չկա: «Արտաշատ Վինկոնը» շատ նորմալ աշխատում է, նաև «Պլազան» է աշխատում»:

Դիտարկմանը, որ գյուղացիները մտավախություն ունեն, որ խաղողը չեն մթերի, Ա.Աբրահամյանը հակադարձեց. «Ոչ ոք մտավախություն չունի: Դրանք սուտ լուրեր են, և՛ տարածողները, և՛ պատվիրողները: Ի տխրություն գրողների և պատվիրողների` նման բան չկա»:

Հիշեցնենք, որ Armtimes.com-ի տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանի գործերը սկսել են վատանալ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի զգուշացումը Աբրահամյանին է փոխանցել պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը, առավել հայտնի «Կրակեմ Հրաչ» անունով:

Վերջինս Աբրահամյանին հասկացրել է, որ քաղաքական հավակնություններ այլևս պետք է չունենա, համենայնդեպս այքնքան ժամանակ, քանի դեռ դրանց կարիքը Սարգսյանը չի ունենա: Դրանից առաջ էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցով էր զգուշացում փոխանցվել Աբրահամյաին (վերջիններս խնամիներ են), որը, կարծես թե, այնքան էլ արդյունավետ չէր եղել: Ահա այդ զգուշացումներից հետո էլ սկսվեց Աբրահամյանի բիզնեսի մասսայական վաճառքը:

Ըստ տեղեկությունների` Աբրահամյանները վաճառել են «Արտֆուդ» ընկերությունում իրենց 50 տոկոս բաժնեմասը, գազալցակայանները, Սամվել Ալեքսանյանն էլ գնել է Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան:

Հովիկ Աբրահամյանն օրերս իր հարցազրույցում բիզնեսների վաճառքի փաստը մեկնաբանել էր, թե իբր օպտիմալացում է կատարում:

«Ափսոսում եմ, որ օպտիմալացման ուղղված ցանկացած բիզնես-գործարք, չգիտես ինչու, անպայման լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում։ Դա նախ վատ ազդակ է մեր գործարար հանրությանը, և երկրորդ՝ անարդար է իմ հանդեպ՝ մարդու, ով մեկ անգամ չէ ապացուցել, որ մինչև վերջին բջիջը մեր հողի ու ջրի մասնիկն է»,- ասել էր Հովիկ Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս