Բաժիններ՝

«Ի վերուստ տանում ենք ձախողման». Պետական գնումների մրցույթներին մասնակցությունն ավելացել է 10-15%-ով

Այս տարվա սկզբից «Գնումների մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջին 6 ամսվա տվյալներով՝ պետական գնումներին մրցույթներին մասնակցությունն ավելացել է 10-15%-ով: ՀՀ պետական գնումների տարեկան ծավալը 87 մլրդ դրամ է: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը` ներկայացնելով «Ազատ առևտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջև պետական գնումների կարգավորման կանոնների և ընթացակարգերի մասին» արձանագրությունը, որով նախատեսվում է ԵԱՏՄ շրջանակներում գնումների հրապարակայնությունը և թափանցիկությունն ապահովելու նպատակով տեղեկատվությունը համացանցում հրապարակել նաև ռուսերենով:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի դիտարկմանը, որ պետական գնումների ժամանակ ցածր գնով առաջնորդվելու դեպքում տուժում է որակը, Կ.Թամազյանը պատասխանեց, որ իրենք ուշադրություն են դարձնում ոչ թե ցածր գնին, այլ գնումների արդյունավետությանը:

«Ցածր տենդերով մեկը շահում է, տալիս է մի ուրիշի, հետո խնդիրներ ենք ունենում: Ինքն էնքան ցածր գին է առաջադրում, որ ուզած չուզած պետք է ցածր որակով անի: Այսինքն` ի վերուստ տանում ենք ձախողման: Կարո՞ղ եք արձանագրել, որ ռեալ փոփոխություն է գնում»,- հետաքրքրվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Փոխնախարարը հավաստիացրեց, թե իրենք ստեղծել են պայմաններ, որ ցանկացածը կարողանա համացանցում տեսնել, թե ով ինչ գին և ինչ բնութագիր է առաջարկել, ինչու է հենց նա ճանաչվել հաղթող, ով է հիմնադիրը, ով է հիմնական որոշումների վրա ազդեցություն ունեցող մարդը. «Իրականում մեր արածն աննախադեպ է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս