«Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունների չմասնակցելու որոշման հետևանքները, առաջին հերթին, քաղաքական կլինեն». Մուշեղ Մկրտչյան
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը հրաժարվել է մասնակցել։
ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության նախկին անդամ, դիվանագետ Մուշեղ Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները գործընկերների հետ երկար նախապատրաստական աշխատանքներից հետո են տեղի ունենում.
«ՆԱՏՕ-ն այդ ընթացքում պլանավորման կոնֆերանսներ է անցկացնում մասնակցող պետությունների հետ, և այս ամենը «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» գլոբալ ծրագրի մի մաս է, որին Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի հետ անհատական ծրագրով։ Այսպիսի միջոցառումները ՀՀ-ՆԱՏՕ անհատական ծրագրի բովանդակությունն են։ Անհատական ծրագիրն իր հերթին՝ հաստատված է ՀՀ խորհրդարանում։ Վարժություններն օգտակար են Հայաստանի համար, դրանք կատարելագործում են զինվորականների մասնագիտական ունակությունները»։
Հետևաբար, ըստ Մ. Մկրտչյանի՝ Հայաստանի այդ որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի, և հետևանքները, առաջին հերթին, քաղաքական կլինեն։
Հարցին՝ ինչքանո՞վ է Հայաստանի այս որոշումն ինքնիշխան, նա այսպես պատասխանեց. «Այնքանով, ինչքանով Հայաստան-Եվրոպա և Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում քաղաքական հետևանքներ ունեցող բոլոր նմանատիպ նախորդ դեպքերում»։
ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի ասել, որ մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած զորավարժություններին։ «ՊՆ-ն չի հաստատել, որ մենք անպայման մասնակցելու ենք: Մենք մեր մասնակցության պաշտոնական համաձայնությունը չենք ունեցել»,- մասնավորապես ասել է փոխնախարարը։
Ի դեպ, նա նաև հերքել է այն լուրերը, թե չմասնակցելու որոշումը կապված է Ադրբեջանի մասնակցության հետ: