«Այսօր պատերազմի մարտահրավերի առաջ ենք կանգնած». Հրանտ Մարգարյան

Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցությունը կնշանակի Արցախի մասամբ ճանաչում: Պետք է ամեն ինչ անել, որ առանձին քաղաքներ ճանաչեն Արցախի զանազան քաղաքների հայկական պատկանելիությունը: Այսօր «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Այսօր պատերազմի մարտահրավերի առաջ ենք կանգնած: Եվ պարտավոր ենք նախաձեռնություններ ունենալ: Դրանով մի կողմից կչեզոքացնենք հակառակորդի մարտահրավերները, մյուս կողմից կճնշենք նրան: Այս առումով հայ քաղաքական միտքը պետք է նոր գաղափարներ առաջարկի: Մենք ունենք նոր տակտիկական որոշումներ: ՀՅԴ-ն նոր քայլեր է ձեռնարկում, որպեսզի Արցախի հարցում տարբեր երկրների քաղաքների հետ համագործակցություն իրականացվի»,-ասաց Մարգարյանը:

Նրա կարծիքով՝ քաղաքների համագործակցությունը նշանակում է Արցախի մասամբ ճանաչում: Դա ունի նաև քարոզչական կարևորություն:

«Մասնավորապես, պետք է ճիգ թափել, որ այն քաղաքները, որտեղ հայություն կա, ճանաչեն Արցախի զանազան քաղաքների հայկական պատկանելիությունը: Համագործակցության առումով դժվարություններ չեն լինի, քանի որ ամբողջ պետության որոշումը անհրաժեշտ չէ: Քաղաքը կարող է ինքնուրույն որոշում կայացնել»,-ասաց Մարգարյանն ու հավելեց, որ այն Արցախի հարցի շուրջ կստեղծի միջազգային դրական կարծիք:

 

Տեսանյութեր

Լրահոս