Կանանց ու տղամարդկանց քանի տոկոսն է Հայաստանում մեկից ավելի սեռական զուգընկեր ունեցել
ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկվածությունը Հայաստանում շատ բարձր է. 15-49 տարեկան կանանց 89 և տղամարդկանց 88 տոկոսը լսել են ՄԻԱՎ-ի կամ ՁԻԱՀ-ի մասին: Այս մասին նշվում է «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն, 2015-16» հետազոտության մեջ, որը հրապարակվել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից։
Ըստ դրա՝ միևնույն ժամանակ՝ ՄԻԱՎ-ի մասին բազմակողմանի գիտելիքների մակարդակը ցածր է: Կանանց ընդամենը 25 և տղամարդկանց 21 տոկոսը գիտեն, որ պահպանակի օգտագործումը և միայն մեկ չվարակված, հավատարիմ զուգընկեր ունենալը կարող են նվազեցնել ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունը, գիտեն, որ արտաքնապես առողջ մարդը կարող է լինել ՄԻԱՎ-ով վարակված, և հերքում են ՄԻԱՎ-ի փոխանցման վերաբերյալ Հայաստանում ամենատարածված երկու թյուրըմբռնումները:
15-49 տարեկան կանանց և տղամարդկանց գրեթե կեսը գիտեն, որ ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել մորից երեխային՝ կրծքով կերակրելու միջոցով, կանանց գրեթե մեկ քառորդը և տղամարդկանց մեկ հինգերորդը գիտեն, որ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վտանգը կարող է նվազել, եթե մայրը հղիության ընթացքում ընդունի հատուկ դեղեր:
Խտրական վերաբերմունքը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ տարածված երևույթ է: Օրինակ, 15-49 տարեկան կանանց կեսից ավելին և տղամարդկանց երկու երրորդից ավելին չէին գնի թարմ բանջարեղեն վաճառողից, եթե իմանային, որ նա վարակված է ՄԻԱՎ- ով:
Ըստ հետազոտության արդյունքների՝ բարձր ռիսկային սեռական վարքագիծը Հայաստանում հազվադեպ է հանդիպում: 15-49 տարեկան ոչ մի կին, իսկ տղամարդկանց ընդամենը 5 տոկոսն է նշել, որ հետազոտությանը նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել է երկու կամ ավելի սեռական զուգընկեր: Հայաստանում ամբողջ կյանքի ընթացքում ունեցած սեռական զուգընկերների միջին թվաքանակը 15-49 տարեկան կանանց համար 1.1 է, իսկ 15-49 տարեկան տղամարդկանց համար՝ 4.0:
Տղամարդկանց 10 տոկոսը նշել է, որ վերջին 12 ամիսների ընթացքում վճարել է սեռական հարաբերության համար, վերջիններիս 84 տոկոսն էլ նշել է, որ նման վերջին սեռական հարաբերության ժամանակ օգտագործել է պահպանակ: Կանանց 15 և տղամարդկանց 2 տոկոսը երբևէ անցել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն: Կանանց 5 և տղամարդկանց 1 տոկոսը նշել են, որ հետազոտությանը նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են սեռական ճանապարհով փոխանցվող վարակ (ՍՃՓՎ) կամ վարակի նշաններ:
Հետազոտությունում նշվում է, որ սեռական զուգընկերների թվաքանակի սահմանափակումը և անվտանգ սեռական հարաբերություններ ունենալը չափազանց կարևոր են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակների դեմ պայքարում: Այս առումով հատկապես կարևորվում է պահպանակի օգտագործումը:
15-49 տարեկան բոլոր տղամարդկանց 5 տոկոսը հայտնել է, որ հետազոտությանը նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել է մեկից ավելի սեռական զուգընկեր, այսինքն՝ 2010-ին գրանցված 15 տոկոսի համեմատությամբ՝ արձանագրվել է նվազում: Տղամարդկանց մասնաբաժինը, ովքեր հետազոտությանը նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են մեկից ավելի սեռական զուգընկեր, մի փոքր ավելի բարձր է 25-29 տարեկանների շրջանում՝ համեմատած տարիքով ավելի փոքր և ավելի մեծ տղամարդկանց հետ: Այն նաև ավելի բարձր է Արմավիրի (18 տոկոս) և Կոտայքի (12 տոկոս) տղամարդկանց շրջանում:
Վերջին 12 ամիսների ընթացքում մեկից ավելի սեռական զուգընկեր ունեցած տղամարդկանց տոկոսն ըստ կրթական և բարեկեցության մակարդակի՝ անկանոն կերպով է փոփոխվում: Վերջին 12 ամիսների ընթացքում մեկից ավելի սեռական զուգընկեր ունեցած տղամարդկանց 62 տոկոսն օգտագործել է պահպանակ վերջին սեռական հարաբերության ժամանակ: Մի քանի սեռական զուգընկեր ունեցած տղամարդկանց շրջանում երբևէ չամուսնացած տղամարդիկ, ավելի հավանական է, որ ունեցել են պաշտպանված սեռական հարաբերություն վերջին 12 ամիսների ընթացքում, քան ամուսնացած տղամարդիկ, քաղաքաբնակ տղամարդիկ ավելի հակված են պահպանակի օգտագործմանը, քան գյուղաբնակները:
Վերջին 12 ամիսների ընթացքում սեռական հարաբերություն ունեցած տղամարդկանց 29 տոկոսը նշել է, որ սեռական հարաբերություն ունեցել է ոչ իր կնոջ կամ համատեղ բնակվող կողակցի հետ: Ինչպես և սպասվում էր, այս ցուցանիշն ամենաբարձրն է երբևէ չամուսնացած տղամարդկանց և ավելի երիտասարդ տղամարդկանց շրջանում: Ցուցանիշը նաև հարաբերականորեն բարձր է Արմավիրում:
Վերջին 12 ամիսների ընթացքում ոչ իրենց կնոջ/համատեղ բնակվող կողակցի հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդկանց 83 տոկոսը նշել է, որ նման վերջին դեպքի ժամանակ օգտագործել է պահպանակ: Ոչ իրենց կնոջ/համատեղ բնակվող կողակցի հետ սեռական հարաբերության ժամանակ պահպանակ օգտագործած ամուսնացած տղամարդկանց տոկոսն ավելի բարձր է, քան երբևէ չամուսնացածներինը (համապատասխանաբար՝ 95 և 82 տոկոս), և արտասահմանում չաշխատած տղամարդկանց շրջանում այս ցուցանիշը ևս ավելի բարձր է՝ արտասահմանում աշխատած տղամարդկանց համեմատությամբ (համապատասխանաբար՝ 87 և 60 տոկոս):
Այն ավելի բարձր է նաև քաղաքաբնակ տղամարդկանց շրջանում, և կրթական ու բարեկեցության մակարդակի աճին զուգընթաց՝ նկատվում է ցուցանիշի աճման միտում:
Երբևէ սեռական հարաբերություն ունեցած տղամարդկանց շրջանում կյանքի ընթացքում ունեցած սեռական զուգընկերների միջին թվաքանակը 4.0 է, այսինքն՝ գրեթե չորս անգամ ավելի շատ երբևէ սեռական հարաբերություն ունեցած կանանց շրջանում գրանցված միջին թվաքանակից (1.1 սեռական զուգընկեր): Կյանքի ընթացքում ունեցած սեռական զուգընկերների միջին թվաքանակը տղամարդկանց շրջանում աճում է տարիքին զուգընթաց, և այն փոքր-ինչ ավելի բարձր է արտասահմանում աշխատած և քաղաքաբնակ տղամարդկանց շրջանում՝ համապատասխանաբար՝ արտասահմանում չաշխատած և գյուղաբնակ տղամարդկանց համեմատությամբ: Ըստ մարզերի՝ ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արմավիրում (7.5): ՀԺԱՀ 2010-ի համեմատությամբ՝ կյանքի ընթացքում ունեցած սեռական զուգընկերների միջին թվաքանակը 2015-16-ին նվազել է (համապատասխանաբար՝ 5.8 և 4.0)։
15-49 տարեկան գրեթե ոչ մի կին չի հայտնել, որ վերջին 12 ամիսների ընթացքում սեռական հարաբերություն է ունեցել մեկից ավելի անձանց հետ, և գրեթե մեկ կնոջից քիչ կանայք են հայտնել, որ սեռական հարաբերություն են ունեցել ոչ իրենց ամուսնու/համատեղ բնակվող կողակցի հետ վերջին 12 ամիսների ընթացքում: Երբևէ սեռական հարաբերություն ունեցած բոլոր կանանց շրջանում սեռական զուգընկերների միջին թվաքանակը կյանքի ընթացքում 1.1 է: