Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ է տվել Եվրանեսթի համաժողովի մասնակիցներին
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ա. Աշոտյանը նշեց, որ հայկական պատվիրակությունը կարևորում է ներկայությունը եվրոպական բոլոր միջոցառումներին, որտեղ հնարավորություն կա խոսելու խնդիրների մասին. «Մենք չունենք ներքին բարդույթներ ինքներս մեզ սահմանափակելու: Եթե Եվրոպական Խորհրդարանական վեահաժողովը որոշել է այդ միջոցառումը կազմակերպել Բաքվում, ապա մենք այդ համաժողովի լիարժեք անդամ ենք և մենք ուզում ենք ու կարող ենք գնալ Բաքու՝ մասնակցելու»:
Ա. Աշոտյանի խոսքով՝ հաշվի առնելով Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը և մարդասպաններին հերոսացնելու նախապատմությունը, բնական է, որ հայկական պատվիրակությունը դիմել է հատուկ երաշխիքների համար. «Երկու օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի գլխավոր քարտուղարի կողմից Եվրանեսթի համանախագահներին ուղղված նամակում տրվել են անվտանգության երաշխիքներ բոլոր մասնակիցներին: Սա մեզ համար հիմք է՝ շարունակելու մեր նախապատրաստական աշխատանքներն այդ կոնֆերանսին մասնակցելու համար»: