Բաժիններ՝

«Սյունիքում կան ջերմային օբյեկտներ, որոնք կարելի է օգտագործել էլեկտրակայան կառուցելու համար». Գարիկ Բաբուրյան

Այսօր Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ քննարկվում էր նաև Սյունիքի տարածաշրջանի (Կառկառ) ջերմաղբյուր երկրաջերմային տեղանքում կատարված երկրաբանական հետազոտական աշխատանքների արդյունքները:

Հարցի հիմնական զեկուցող, Հանրային խորհրդում ընդերքի ռացիոնալ օգտագործման և երկրաբանական ուսումնասիրության ենթահանձնաժողովի նախագահ, երկրաֆիզիկոս Գարիկ Բաբուրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սյունիքի տարածաշրջանի (Կառկառ) ջերմաղբյուր երկրաջերմային տեղանքում մի քանի տարի շարունակ կատարվել են գեոֆիզիկական, երկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտական աշխատանքներ. «Այդ արդյունքների տվյալներով ենթադրվում է, որ այնտեղ կան ջերմային օբյեկտներ, որոնք կարելի է օգտագործել էլեկտրակայան կառուցելու համար: Ես սա կարող եմ ներկայացնել կառավարությանը, որ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ գա պայմանավորվածության, որ գումար տան մեր նշած կետը հորատելու համար, որովհետև Համաշխարհային բանկի տվյալներով՝ իրենք երկու հորատանցք հորատել են, արդյունք չեն ստացել, ուրիշ տեղ են հորատել, հիմա մենք ասում ենք՝ մեր ասած տեղն ավելի հեռանկարային է»:

Հարցին, թե ինչքա՞ն գումար է պետք դրա համար՝ Գ. Բաբուրյանը պատասխանեց, որ եվրոպական գներով՝ մեկ մետր հորատելն արժե մոտավորապես 800 դոլար. «Մեզ պետք է 2 կիլոմետր հորատել»:

Ըստ նրա՝ դա շատ կարևոր է մեր տնտեսության համար. «Փաստորեն, դա էներգիա է տալու, որը ոչ մի ծախս չի պահանջում, ու այդ էլեկտրակայանը կառուցվում է 7-8 տարում, ինքնարժեքը հանում է, ու արդեն ստացվում է անվճար էլեկտրաէներգիա»:

Կարդացեք նաև

Հարցին էլ, թե ի՞նչ տարածքի կբավարարի այդ էլեկրաէներգիան՝ Գ. Բաբուրյանն այսպես պատասխանեց. «Այդտեղ կարելի է կառուցել 20 մեգավատտանոց էլեկտրակայան, ինչը բավական է Սիսիան քաղաքի և հարակից գյուղերի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս