«Կգանք, կհասնենք ապրիլ ամսին, կընտրենք մեր վարչապետին բոլորս միասին». Արա Բաբլոյան
Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետի հարցում իշխող Հանրապետական կուսակցության կարծիքը կձևավորվի գալիք տարվա ապրիլին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը` անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ում ինչ քննարկումներ են ընթանում ՀՀ ապագա վարչապետի թեկնածուի հետ կապված:
«Ինձ թվում է՝ կարևորն այն է, որ մեր երեխաների համար լինի խաղաղություն, որ նրանք կարողանան հանգիստ կյանքով ապրել, սովորել։ Կգանք, կհասնենք ապրիլ ամսին, կընտրենք մեր վարչապետին բոլորս միասին։ Բոլոր քննարկումները կլինեն ապրիլին»,- ասաց Բաբլոյանը։
Հարցին` Հայաստանի հանրապետական կուսակցությունում կա՞ն մարդիկ, ովքեր տարբեր կարծիքներ ունեն վարչապետի թեկնածուի վերաբերյալ, ՀՀ ԱԺ նախագահը պատասխանեց. «Կուսակցությունում բոլոր կարծիքներ քննարկվում են, սակայն Հանրապետականը միատարր է և ունի մեկ կարծիք, որը կձևավորվի գալիք տարվա ապրիլին»: