«Շիրակը» և «Փյունիկը» պարտվեցին սեփական դաշտում. Ի՞նչ են ասում մարզիչները
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում սեփական հարկի տակ պարտություններ կրեցին հայկական «Շիրակը» և «Փյունիկը»: «Շիրակը» 0:2 հաշվով պարտվեց Սլովենիայի «Գորիցային», իսկ «Փյունիկը» 1:4 հաշվով պարտություն կրեց Բրատիսլավան ներկայացնող «Սլովանից»:
«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը խաղավարտին նշում է, որ թիմը բարդ վիճակում է հայտնվել: «Եթե առաջին գոլը անսպասելի էր, ապա երկրորդ գոլում կար պաշտպանության կոպիտ սխալ»:
Չնայած սեփական հարկի տակ 2 գնդակ բաց թողնելուն՝ Վարդան Բիչախչյանը նշում է, որ թիմը չի մեկնելու պատասխան խաղին, որպես զբոսաշրջիկ:
«Շարունակելու ենք աշխատել և ուղղել մեր սխալները: Թիմը ուներ ցանկություն, բայց մրցակիցը թույլ չտվեց: Միշտ էլ սխալներ լինում են: Սխալների պատասխանատուն ես եմ»,- նշում է Վարդան Բիչախչյանը:
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշում է, որ երևանյան ակումբը առաջին կեսում վատ հանդես չէր գալիս: Թիմը կարողացավ արագ գոլ խփել ու, չնայած մրցակիցը շատ էր լինում գնդակով, ըստ մարզչի՝ փյունկցիները կարողանում էին չեզոքացնել գրոհները:
Ըստ երևանյան ակումբի գլխավոր մարզչի՝ թիմը առաջին կեսում լավ խաղաց, իսկ երկրորդ կեսում պարզապես չբավականացրեց ֆիզիկական պատրաստվածությունը:
«Լավ խաղացինք մինչև 60-րդ րոպեն, ավելին ֆիզիկականը թույլ չտվեց: Եթե ավելի հարձակվողական գրոհեինք արդեն 30-րդ րոպեին խոշոր հաշվով կպարտվեինք»:
Ըստ Արմեն Գյուլբուդաղյանցի՝ լավ արդյունքների համար թիմը պետք է համալրվի: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում է հանդիպում թիմի սեփականտիրոջ հետ, որտեղ կքննարկվեն թիմի համալրման հարցերը:
«Սլովանի» գլխավոր մարզիչ Իվան Վուկոմանովիչը խաղից հետո նշում է, որ գիտեր, որ իր թիմը պատրաստ է 100 տոկոսով՝ չնայած խաղից առաջ ունեին 3 ֆուտբոլիստի լուրջ կորուստ:
«Գոհ եմ արդյունքից, լավ խաղ անցկացրինք: Լավ տրամադրությամբ ենք վերադառնում Բրատիսլավա: Մենք կփորձենք սեփական հարկի տակ ևս հաղթել և անպայման դուրս գալ հաջորդ փուլ: Հաղթել ենք խոշոր հաշվով: Շատ կցանկանայի պատասխան խաղում խաղադաշտ դուրս բերել երկրորդ թիմ, սակայն մենք այդքան ֆուտբոլիստներ չունենք, որ ամբողջությամբ փոխենք թիմի կազմը»,- նշում է Իվան Վուկոմանովիչը:
Սիրարփի Աղաբաբյան