Աշխարհը փուլ չի գա

«Ակնհայտ է, որ տվյալ դեպքում ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը՝ «Արևելյան գործընկերությունը» հակառուսական գործիք դարձնելու վերաբերյալ, անգամ ակնարկ չէ, այլ բաց տեքստով հայտարարություն է՝ ուղղված հայկական կողմին, քանի որ Հայաստանը շարունակում է, ինչպես հայտնի է, «կիսվել» Ռուսաստանի և Եվրոպայի միջև, և խոսակցություններն այն մասին՝ վերադառնա՞լ դեպի ԵՄ, թե՞ մնալ ռուսական ուղեծրում, հայկական հասարակությունում շարունակվում են։ Իսկ ամենագլխավորն այն է, որ նոյեմբերին սպասվում է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը, այսինքն՝ Սերժ Սարգսյանը կանգնած է ընտրության առաջ՝ ստորագրե՞լ, թե՞ չստորագրել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը։ Ես կարծում եմ, որ նա ավելի շուտ չի ստորագրի։

Ձեր ակտուալ օրակարգի բովանդակությանը, թե վերջին շրջանում ինչ է քննարկվում Հայաստանում, նույնն է՝ շահավե՞տ է Հայաստանին ԵԱՏՄ-ում լինելը, թե՞ ոչ։ 2016թ. ՀՀ տնտեսությունը գրեթե 0-ական աճ է ունեցել»,- 168.am-ին ասել է Ռուսաստանի քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը՝ մեկնաբանելով, թե ում է ուղղված ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ «Արևելյան գործընկերությունը» հակառուսական նախագծի վերածելու ցանկացողներ կան, որ այդ ծրագիրն օգտագործվել է, որպեսզի թիրախային երկրները կեղծ ընտրության առաջ կանգնեցվեն։

Ըստ նրա՝ Ռուսաստանը ցույց է տալիս, որ հարգում է Հայաստանին՝ որպես գործընկեր, համարում է, որ Հայաստանն իրավունք ունի ինքնուրույն իրականացնել իր ներքին ու արտաքին քաղաքականությունը, ունի լիակատար ինքնիշխանությունը, որը Ռուսաստանը ոչ մի դեպքում չի սահմանափակի: «Հասկանալի է, որ Հայաստանը կարող է ստորագրել համաձայնագիրը, և, մեծ հաշվով, աշխարհը փուլ չի գա, Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն խզվի, բայց այստեղ կարևոր է, թե ինչ բնույթ են կրելու այդ հարաբերությունները»,- հայտարարել է նա:

Նա նաև հավելել է. «Առայժմ բոլորը հասկանում են, որ ճիշտ չէ Հայաստանի հետ վերջնագրերի լեզվով խոսել, դրա անհրաժեշտությունը չկա, և բոլորը փորձում են այս կամ այն կերպ Հայաստանի վրա ազդել: Եվրամիությունը փորձում է ազդել հայկական հասարակական կազմակերպությունների միջոցով, աջակցում է դրանց զարգացմանը, Մոսկվան հիշեցնում է, թե որքանով է Հայաստանի անվտանգությունը կախված Ռուսաստանի հետ ընկերությունից, և այլն։ Յուրաքանչյուր կողմը «վերմակը» ձգում է դեպի իրեն, և ոչ մի նորություն այստեղ չկա»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս