«Եթե այդ միջոցները շրջանառվեն գանձապետական միասնական հաշվով, կլինեն թափանցիկ և վերահսկելի»
Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն այսօր Ազգային ժողովին ներկայացրեց ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում ներկայացնելով Վերահսկիչ պալատի եզրակացությունը՝ Լևոն Յոլյանն ասաց, որ վերջին տարիներին կառավարության գործողությունների արդյունքում արձանագրվել են դրական բարեփոխումներ, որոնցում իր դերակատարումն ունի նաև Վերահսկիչ պալատը, որը մշտապես պետական բյուջեի վերաբերյալ իր եզրակացություններում ներկայացրել է առաջարկներ:
«Տարիների ընթացքում համատեղ աշխատանքի արդյունքում շատ հարցեր ստացել են դրական լուծում, սակայն որոշ խնդիրներ այսօր արդիական են, և մենք գտնում ենք, որ դրանք լուծման կարիք ունեն»,- նշեց Յոլյանը:
ՎՊ նախագահը կենտրոնացավ մեկ սկզբունքային խնդրի վրա, որը շուտափույթ լուծման կարիք ունի:
«Դեռևս 2008-2009թթ. Վերահսկիչ պալատը շատ սուր է դրել հարցը, որ բոլոր վարկային և դրամաշնորհային միջոցները, որոնք արտացոլված են պետական բյուջեում, պետք է սպասարկվեն գանձապետական համակարգի միջոցով:
Այն ժամանակ բոլոր այդ միջոցները շրջանառվում էին առևտրային բանկերում: 2010 թ. սկսած՝ կառավարությունը բավականին աշխատանք կատարեց բոլոր կազմակերպությունների հետ, բոլոր այդ միջոցները գործնականում ներառվեցին գանձապետական միասնական հաշվով իրականացմանը և դուրս բերվեցին առևտրային բանկերի սպասարկումից:
Գիտեք, որ կառավարությունը 2016 թ. կատարեց ծրագրերի իրականացման գրասենյակների օպտիմալացում, և մեր գնահատականով այսօրվա դրությամբ բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ գանձապետական միասնական հաշվով չեն շրջանառվում: Մեր կարծիքով, կառավարությունը մոտակա ժամանակահատվածում այս ուղղությամբ պետք է համապատասխան գործողություններ իրականացնի: Պարզ ճշմարտություն է, որ եթե այդ միջոցները շրջանառվեն գանձապետական միասնական հաշվով, կլինեն թափանցիկ և վերահսկելի, իսկ մեր հաշվետվությունն՝ առավել արդյունավետ »,- ասաց Յոլյանը:
Նա նաև հավելեց, որ իրենք խնդիր էին դրել, որպեսզի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները, հիմնադրամները, ՊՈԱԿ-ները նույնպես պետք է իրենց ֆինանսական ռեսուրսները շրջանառեն գանձապետական միասնական հաշվով: Նրա խոսքով՝ ցանկություն կա, սակայն մինչ այս պահը սայլը տեղից չի շարժվել: Լևոն Յոլյանը հույս հայտնեց, որ մոտակա ժամանակահատվածում այս ուղղությամբ ևս քայլեր կձեռնարկվեն:
Անդրադառնալով ՀՀ պետական բյուջեի վերաբերյալ Վերահսկիչ պալատի հաշվետվության արժանահավատության խնդրին՝ ՎՊ նախագահն ընդգծեց, որ իրենք մայիսին են ստանում հաշվետվությունը և նույնիսկ մեկ ամիս ժամանակ չեն ունենում համապատասխան գնահատական տալու վերլուծությունների համար, ուստի եզրակացությունը շատ դեպքերում կրում է կամերալ և վիճակագրական բնույթ:
«2018թ. Սահմանադրության պահանջով մեր եզրակացությունը պետք է հիմնված լինի տարվա ընթացքում իրականացված աուդիտի արդյունքների վրա: Կարծում եմ, որ այդ ժամանակ մենք առավել լուրջ հաշվետվություն կունենանք: Մենք հիմա Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի կարողանանք արդյունավետ կատարել այդ գործը և Ազգային ժողովին ավելի շատ հարցեր ներկայացնել»,- ասաց Լևոն Յոլյանը: