«Իրականում ոչ թե նրանք մեզնից պառակտվեցին, այլ մենք նրանց հեռացրեցինք». «Երկիր Ծիրանի» կուսակցության փոխնախագահ

Հունիսի 18-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը նիստ էր անցկացրել և անվստահություն հայտնել խմբակցության անդամներ Մնացական Պարակշիևին և Հայկ Պետրոսյանին: Տարածած հայտարարության մեջ «Երկիր Ծիրանի» խմբակցությունը մասնավորապես նշել էր. «Անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահն անձնական շահերին ստորադասելու փաստը»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության փոխնախագահ Կարապես Աղաջանյանի համոզմամբ՝ անվստահություն հայտնելու պատճառը երկու անձանց կողմից իրենց երդման դրժումն էր, որը տրվել էր «Երկիր Ծիրանի» կուսակցության խորհրդի և ժողովի առջև:

Ավելի վաղ՝ հունիսի 15-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքները կազմակերպելու նպատակով հրավիրվել էր կուսակցության ընդլայնված նիստ, և կայացվել էր «Երկիր Ծիրանի» խմբակցության՝ 16.06.2016 թվականին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ նիստում ներկայանալու և աշխատանքներն իրականացնելու ձևաչափի վերաբերյալ որոշում:

«Այս քննարկման արդյունքում եկել էինք այն եզրակացության, որ արտահերթ նիստում քննարկման էր ներկայացվելու քաղաքապետարանի հաստիքացուցակը, և համաձայն այդ հաստիքացուցակի՝ աշխատավարձը, որը պետք է տրվեր աշխատողներին, կազմում էր մոտ 1 մլն դոլար ամսական: Ներկայացվել էր նաև մոտ 80 հողատարածքների խնդիրը, որոնք քաղաքապետարանի կողմից պետք է օտարվեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարապետ Աղաջանյանը:

Կարդացեք նաև

Բանախոսի հաղորդմամբ՝ քննարկման արդյունքում որոշվել էր, որ Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանը պետք է ելույթ ունենան այս հարցերի վերաբերյալ: Սակայն նրանք չեն կատարել իրենց առջև դրված պարտականությունները, որը, «Երկիր Ծիրանի» կուսակցության որակմամբ՝ դավաճանություն է երևանցիների շահերի, խմբակցության անդամների, ինչպես նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնարար դրույթների հանդեպ: «Նրանք ցուցաբերեցին անգործություն և լռեցին»,- ասաց նա:

Օրեր առաջ Մնացական Պարակշիևը և Հայկ Պետրոսյանն լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էին, որ վայր չեն դնելու ավագանու մանդատները, փոխարենը որոշել են դուրս գալ «Երկիր Ծիրանի» ավագանու խմբակցությունից։

Սա Կարապետ Աղաջանյանը համարում է իշխանության հետ համագործակցություն, և նշեց, որ նրանք հրաման են ստացել այդ մանդատները չհանձնել: «Մանդատը վայր չդնելը համագործակցության արդյունք է»,- նշեց բանախոսը:

Նրանք նաև հայտնել էին, որ շարունակելու են պաշտպանել երևանցու շահը և իրականացնել Երևանի ծրագիրը՝ որպես անկախ ավագանու անդամներ, ինչպես նաև տեղեկացրել էին, որ մոտ ժամանակներս չեն պատրաստվում ստեղծել կուսակցություն կամ միանալ որևէ կուսակցության։ Սակայն Կարապետ Աղաջանյանը նշեց, որ քաղաքապետարանում ավագանու անդամը պարտավոր է որևէ խմբակցության անդամ լինել և անկախ չի կարող լինել, իսկ դա նշանակում է, որ դուրս գալով «Երկիր Ծիրանի» կուսակցությունից՝ նրանք պետք է միանան կա՛մ ՀՀԿ-ին, կա՛մ «Ելք» դաշինքին:

«Իրականում ոչ թե նրանք մեզնից պառակտվեցին, այլ մենք նրանց հեռացրեցինք, ու սա մեզ համար շատ լուրջ քայլ էր»,- հավելեց Կարապետ Աղաջանյանը:

Անի Թորոսյան

Տեսանյութեր

Լրահոս