Ս. Էջմիածին՝ հայի հետքն աշխարհի վրա…
«Մեր Հայաստան աշխարհը Վաղարշապատ անունով ճանչցուած վայրին մեջ դաձաւ մսուր Ծննդեան Քրիստոսի…»: Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոս
Այս տարի Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, ըստ մեր եկեղեցական տոնացույցի, նշվում է հունիսի տասնութին, ինչի առիթով էլ հանդիպել ենք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Միջեկեղեցական և գիտահրատարակչական բաժնի տնօրեն Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի հետ:
-Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը նշում ենք Հոգեգալուստից հետո եկող երկրորդ կիրակի օրը: Այն Մայր Աթոռի գլխավոր տաճարի հիշատակության օրն է, որ հաջորդում է «Արարատյան շաբաթին», երբ տոնվում են Հռիփսիմյանց ու Գայանյանց կույսերի, այնուհետև Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապից ելնելու տոները, որով ստեղծվում է մի յուրահատուկ տոնախոսական շղթա՝ հիշատակելով հայոց դարձի հետ կապված բոլոր կարևոր իրադարձությունները:
6-7-րդ դարերում ստեղծվել են Ս. Էջմիածնին նվիրված շարականներ, որոնք վերագրվել են Ս. Սահակ Ձորափորեցի կաթողիկոսին: Հետևաբար հասկանալի է, որ արդեն այդ օրերում անհրաժեշտություն էր առաջացել եկեղեցու կյանքում հստակեցնելու Ս. Էջմիածնի կարևորությունը, նաև նրա տեղն ու դերը ժողովրդի կյանքում առհասարակ: Կաթողիկե անվանվել է այն գլխավոր եկեղեցին, որը սովորաբար եղել է տվյալ եկեղեցու հոգևոր իշխանության կենտրոնը: Երկրորդ նշանակությամբ եկեղեցական ճարտարապետության մեջ այն առնչվում է մասնավորապես Ս. Խորանի վրա հառնող, այսինքն՝ Ս. Սեղանը հովանի անող գմբեթին:
-Տոնը հատկապես հայտնի է Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով: Ինչո՞ւ հենց նա կամ հայ ժողովուրդն ընդհանրապես արժանացավ այդ աստվածային տեսիլքին:
-Աստված Ինքն է սովորաբար ընտրում Իր ծառաներին, մեզ միայն մնում է տալ այդ կոչին, այդ ընտրությանը համապատասխան արձագանք: Մեզնից է միայն կախված, թե ինչպե՞ս կպատասխանենք Աստծո այդ կոչին այսօրվա բազմաթիվ խնդիրների ու խոչընդոտների առկայության պայմաններում, որոնցից ոչ թե պետք է խեղճանալ, այլ հաղթահարել առաքելության այն հստակ գիտակցումով, որ ունենք Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռքով մեր ազգի մեջ դրված Ս. Էջմիածնի ոգին:
Երկրորդ` սովորաբար մի տեսակ հպարտությամբ ենք լցվում այս ամենից և շատ հաճախ նաև ծայրահեղությունների հասնում, բայց Աստված յուրաքանչյուր ազգի ընտրում է յուրովի` Իր փրկագործական տնօրինության սահմաններում, և այս իմաստով յուրաքանչյուր ազգի պատասխանատվությունն է համարժեք պատասխան տալ այդ կոչին: Եթե ուշադիր լինենք սրբախոսական ժանրին, կհասկանանք, որ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի նման բազմաթիվ տեսիլքներ կան այնտեղ, իհարկե, ոչ նույնությամբ, բայց նույն իմաստով, պարզապես Լուսավորչի և հայ ժողովրդի ընտրության նպատակն ու հանգամանքն է տարբեր: Լուսավորչի դարձով միայն նրա համար չէր, այն պայմանավորեց հետագա ողջ հայոց պատմությունը:
-Ինչո՞ւ հենց Վաղարշապատում Գրիգոր Լուսավորիչն ունեցավ այդ տեսիլքը:
-Ս. Էջմիածնի տեսիլքի իրողությունը շարունակությունն էր բոլոր հեթանոսական սրբատեղիների վերասրբագործման: Էջմիածնի սրբագործումը լրումն է նախորդ սրբատեղիների կառուցման: Այն ժամանակվա Վաղարշապատ մայրաքաղաքում էին նահատակվել Հռիփսիմյանց, Գայանյանց կույսերը, որոնց նահատակության պատմությունն անմիջականորեն առնչվում է հայոց դարձին, և այստեղից էր բնականաբար սկսվելու արքունիքի դարձը: Նախ պետք էր դարձի բերել թագավորին, հետո՝ ժողովրդին:
-Այն, որ տեսիլքից հետո Ս.Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվեց ողջ ժողովրդի մասնակցությամբ և Տրդատ թագավորի առաջնորդությամբ, բնակա՞ն էր, թե՞ հավելյալ իմաստության դրսևորում նրա կողմից:
-Ամենաբազմաթիվ մեկնություններ կան. Տրդատ թագավորը ուներ իր քաղաքական հաշիվները, իր պատկերացումները երկրի կառավարման մասին: Կար նաև Հռոմի և Պարսկաստանի միջև անկախ քաղաքականության գիծ վարելու անհրաժեշտությունը, քրիստոնեությունն էլ միջանկյալ մի կրոն էր… Վստահ եմ՝ սուրբ Տրդատի հոգում հոգևոր դարձ է տեղի ունենում, երբ նա քրիստոնեություն է ընդունում, ինչն ամենատարբեր կերպերով արձանագրված է Ագաթանգեղոսի կողմից: Տրդատ թագավորը հեթանոսական ռազմիկից, հեթանոսական արքայից վերափոխվում է քրիստոնեական թագավորի:
Ագաթանգեղոսի ժամանակներում շատ կարևոր էր քրիստոնեության դարձի առաջին իսկ օրերից ունենալ քրիստոնեական թագավորի կերպար, որովհետև թագավորական դինաստիան էր այն կառույցը, որի վրա հիմնվում էր ամբողջ հասարակությունը: Հետևաբար Ագաթանգեղոսի և մեր դարձի պատմության մեջ ամենակարևոր դրվագը հենց Տրդատ թագավորի կերպարն է: Այս իմաստով այն քրիստոնեական եկեղեցու պատմության մեջ բացառիկ է: Միայն այն փաստը, որ Ագաթանգեղոսը նշում է, թե նա իր մեջքով քարերը բերում և մասնակցում էր տաճարի կառուցմանը, վկայում է, որ Տրդատ թագավորն ապրել է աշխարհայացքի, հոգևոր ընկալումների, ինչո՞ւ չէ, նաև ֆիզիկական վերածննդի շրջան: Ագաթանգեղոսի պատմության մեջ նշվում է՝ Լուսավորիչը մի որոշ ժամանակ պահք պահել տվեց նրան և բացատրեց քրիստոնեական վարդապետությունը, այսինքն՝ տեղի է ունենում ժողովրդի, թագավորի, մի խոսքով՝ ամբողջ հայ ազգի վերափոխություն՝ ի դեմս Տրդատ թագավորի:
-Ո՞րն է Ս. Էջմիածնի խորհուրդը մեր ժողովրդի կյանքում:
-Ս. Էջմիածինը պատմության մեջ բազմիցս ցույց է տվել, որ եկեղեցու այն կենտրոնն է, որտեղ տեղի են ունենում մեր ժողովրդի կյանքի կարևոր և որոշիչ իրադարձությունները, որոնք ավելի են մեծացնում նրա պատմական նշանակությունը հայ մարդու կյանքում: Այն ունի նաև միավորիչ հանգամանք, քանի որ Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրն է, և այստեղ են միավորվում մեր եկեղեցու բոլոր թևերը: Պարզապես հայ ժողովրդի պարագային պետության երկարատև բացակայությունը, մեր կրած ամենատարբեր փորձություններն ու չարչարանքները մի լուսավոր կետ են թողել ժողովրդի կյանքում, որ Ս. Էջմիածնում միայն կարող ենք մեկտեղվել մի օր:
Այն համայն հայության հոգևոր կենտրոնն է: Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը Ս. Էջմիածինը համարում է հայկական Բեթղեհեմ, ինչը շատ օրինաչափ է, որովհետև եթե նայենք պատմության դրվագներին, Քրիստոս մեկ անգամ աշխարհ եկավ՝ Բեթղեհեմի մեջ ծնվելով, երկրորդ անգամ աշխարհ եկավ՝ արդեն Իր ամբողջ փառքով Վաղարշապատի մեջ իջնելով: Քրիստոսի էջքը Արարատյան դաշտ բնորոշվում է իբրև Բեթղեհեմ` ոչ թե ծնվելու, այլ Քրիստոսի Գալստյան, երկրի վրա երևալու իմաստով, ինչը և պայմանավորեց մեր ազգի հետագա կյանքը՝ անքակտելիորեն կապվելով քրիստոնեական մշակույթին ու արժեհամակարգին:
-Ո՞րն է Ս.Էջմիածնի համաքրիստոնեական նշանակությունը:
-Ս. Գրիգոր Լուսավորիչը համաքրիստոնեական սուրբ է, և նրա պաշտամունքը կա թե՛ արևելյան ուղղափառ, թե՛ օրթոդոքս, թե՛ կաթոլիկ եկեղեցիներում: Ընդհանուր քրիստոնեական աշխարհը դեռ 4-րդ դարից սկսած ծանոթ է մեր եկեղեցուն: Գալով ներկա օրերին՝ Ս. Էջմիածինն այն վայրն է, որտեղ ամենից հաճախ են այցելում կրոնապետեր, եկեղեցապետեր, որոնք նախ իրենց հարգանքի տուրքը, իրենց աղոթքն են մատուցում Փրկչի Ս. Սեղանի առաջ, որտեղ Լուսավորիչն առաջին անգամ մատուցեց Ս. Պատարագ և ըստ էության՝ հիմնեց ներկայիս Հայաստանյայց Եկեղեցին, և երկրորդ՝ այստեղ են նրանք հանդիպում Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:
-Ըստ երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի՝ «Ս. Էջմիածինը միշտ կը բաշխուի ու չի նվազեր. ինչքան կը բաշխուի`այնքան կը շատնայ. ինչքան լոյս կը սփռէ` այնքան կը շողա: Դարեր կը գան, դարեր կանցնին, ան կը բարձրանայ, կը լուսաւորէ, միշտ կը ներշնչէ, կեանք տալով`կապրի…»: Մի՞շտ է, որ հավատարիմ ենք մնացել Ս.Էջմիածնի բաշխած լույսի խորհրդին:
-Ընդհանուր իմաստով, իհարկե, հայ ժողովուրդը երբեք անհավատարիմ չի եղել Ս. Էջմիածնին, երբևէ չի թերագնահատել նրա դերը: Նույնիսկ պատմության ամենադաժան պայմանները պատճառ չեն եղել ուրանալու Ս. էջմիածինը, իսկ մասնավոր դեպքերն, իհարկե, շատ են, որոնք միշտ կան ու կլինեն: Այլ հարց է, որ Ս. Էջմիածինը՝ իբրև Հայրապետական Աթոռ, միշտ էլ ըմբռնումով է մոտեցել իր զավակների կառուցողական քննադատությանը, ոչ թե անտեղի զրպարտությանը:
Ցանկացած հայ մարդ, Էջմիածին մտնելով, հպարտության և երկյուղածության զգացում է ապրում: Նաև վերջին տարիներին Էջմիածինը անճանաչելիորեն փոխվել է: Ըստ Սփյուռքից եկած հյուրերի՝ այն կարծես հայկական Վատիկան լինի՝ որպես մի մեծ եկեղեցու մեծ կենտրոն: Նաև մենք, որ այստեղ աշխատում ենք և ապրում երկար տարիներ, չպետք է մոռանանք, որ Էջմիածնում աղոթել են այնպիսի նշանավոր մարդիկ, որոնք հայոց պատմության և Հայ Եկեղեցու պատմության մեջ էջեր են փոխել: Այդ լույսին արժանանալու առաջին ինքնագիտակցումը հենց այն միտքը պիտի լինի, որ այստեղ՝ մի քանի հարյուր մետր այն կողմ, եղել է Կոմիտասի սենյակը, մի քանի հարյուր մետր այն կողմ դասավանդել է Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը….:
-Ի՞նչ ավանդույթներ կան Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնի հետ կապված:
-Դեռ 19-րդ դարից եկող ավանդությամբ` Ս. Կաթողիկե Էջմիածնի տոնին մատուցվել է միաբանական Սուրբ Պատարագ: Կաթողիկոսը հանդիսավոր թափորով իջել է Վեհարանից, եղել են տարբեր հանդիսություններ: Վերջին տարիներին էլ կարծես միտում կա Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը դարձնել միաբանական ուխտի վերանորոգման օր, ինչը շատ լավ գաղափար է, քանի որ Ս. Էջմիածինը ոչ միայն հայրապետական աթոռ է, այլև կենտրոն, որտեղ ապրում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունը:
-Ի՞նչ մաղթանք ունեք այս տոնի առիթով:
-Իմ մաղթանքն է, որ մեզանից յուրաքանչյուրը փորձի Էջմիածինն իր կյանքում դարձնել առաքելություն, այն ընկալի որպես մեր ժողովրդի պատմության կենդանի վկայարան, մի վայր, որտեղ քայլել և քայլում է հայ ժողովուրդը: Եթե որևէ մեկն ուզում է գտնել հայի հետքն աշխարհի վրա, պիտի գա Էջմիածին…
Հարցազրույցը՝ Արփի ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ