«Հանրապետականները ներշնչանքից չեն կարողանում դուրս գալ». Արամ Սարգսյան
Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում բավականին ուշագրավ դիտարկում արեց։ «Անկախ նրանից, թե 2018թ. ով կլինի վարչապետ, անկախ վարչապետի անձից, դուք գործ կունենաք Հայաստանի հանրապետական կուսակցության հետ՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»,- ասել է նա։
ՀՀ նախկին վարչապետ, «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ շատ տխուր երևույթ էր, երբ Շարմազանովը հակադարձեց վարչապետի ոգևորությանը, ով ասաց, որ չգիտի` ով է «համոզում» Սերժ Սարգսյանին վերադառնալ, և ինքն այդ «համոզողներից չէ».
«Միանգամից զգացվեց Կարեն Կարապետյանի ռեակցիան, ակնհայտ, վեր կացավ, կոստյումը հանեց, քրտնեց, հոգեբանները կասեն, թե նման դեպքերում մարդիկ ինչպիսի ռեակցիա են ունենում, երբ գիտեն ներքին էությունը։ Ի վերջո, վերջապես ի՞նչ դժվար էր ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին՝ հայտարարել, որ՝ այո, մենք ենք մեծամասնություն, մենք ենք հաղթել ընտրություններում և մենք երկարաժամկետ ծրագիր ունենք, Կարեն Կարապետյանն այդ ծրագիրն իրականացնելու պայմաններին բավարարում է և առնվազն առաջիկա 2-3 տարին կարող է մնալ վարչապետ, կամ իրենց գրած ծրագիրը չկատարելու դեպքում 1 տարի հետո կարող է քննարկեն վարչապետի թեկնածությունը։ Սակայն չեն ասում։ Իսկ ինչո՞ւ չեն ասում։ Երբ չեն ասում, նշանակում է՝ այստեղ խնդիր կա»,- ասաց Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ հայ իրականության մեջ այդպիսի մոդել է հորինվել, որ Ղարաբաղի հարցով կարող է բանակցել միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը, և նրանցից բացի՝ ով ուզում է լինել, չի կարող գնալ բանակցության, կամ՝ այդ դեպքում Ղարաբաղը հաստատ կծախի. «Հավատացնում եմ, դա միֆ է, չկա նման բան։ Ցանկացած մեկը, ով սթափ տրամաբանություն ունի, ում ներկայացնում են համապատասխան փաստերը, ում հետ քննարկում են այդ հարցերը, նա կարող է պատշաճ ներկայացնել։ Թրամփը ձեզ օրինակ՝ ոչ մի բանի հետ կապ չունեցող բիզնեսմեն էր, այսօր Սիրիայի խնդիր է լուծում։
Ես ձեզ օրինակ՝ ցեմենտի գործարանի տնօրեն, եկել եմ վարչապետ, 10 օր հետո տարել-նստացրել են Հեյդար Ալիևի հետ, և Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ինքն է վարչապետը, մեծամասնությունն իրենն է, և իր հետ էլ բանակցի։ Եվ ես բանակցել եմ Մեղրիի տարբերակով Ղարաբաղի հիմնահարցի լուծման խնդիրը և Մեղրին չեմ տվել, Ղարաբաղն էլ չի փլվել, և ոչ մեկը ոչ մեկին չի դավաճանել։ Այսինքն՝ սա միֆ է, որ հորինել են անընդհատ իրենց իշխանության մնալու համար։ Այս միֆը հորինել են հանրապետականները, այս միֆը տվել են հանրապետականներին՝ որպես նյութ, ներշնչել են, իրենք ներշնչվել են և այդ ներշնչանքից չեն կարողանում դուրս գալ։ Ու դրա համար իրենք չեն պատկերացնում, թե՝ վայ, որ Սերժ Սարգսյանը չլինի, վերջացավ՝ Ղարաբաղով, Հայաստանով կորած ենք»։
Ա.Սարգսյանը նշեց, որ ուրիշ խնդիր է իր անձնական վերաբերմունքը, թե Հանրապետական-Դաշնակցություն թիմերից ով կարող է լինել հաջորդ վարչապետը, որ ավելի վստահելի կլիներ։ Նա հյատարարեց, որ Կարեն Կարապետյանն իր համար այդ վստահելին չի շատ պարզ պատճառով. «Իր ռուսական կապերը, իր միլլերական կապերը, իր տնտեսական գործունեությունն ինձ բացարձակապես չեն բավարարում։ Բայց դա չի նշանակում, որ ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի շարքերում չկան մարդիկ, որ կարող են լինել։ Այսինքն՝ եթե Սահմանադրության այս բարեփոխումները Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը պետք է կիրառեն իրենց վերարտադրության համար, այս նոր Սահմանադրությունները 2 դեպքում էլ դառնում են թղթի կտոր։ Ոչ ավելին։ Որովհետև թե՛ Հայաստանի հանրությունը, թե՛ միջազգային հանրությունը դա շատ վատ է ընդունելու»։
Ա.Սարգսյանի խոսքով՝ Ղարաբաղյան խնդիրը Սերժ Սարգսյանի իշխանության մնալու պատրվակներից մեկն է միայն, և նրա մնալու բազմաթիվ պատրվակներ կան՝ սկսած կլանային շահերից, արտաքին քաղաքական գործոններից, վերջացրած ներքաղաքականներից։ Անդրադառնալով Ս.Սարգսյանի հավաստիացումներին, թե ինքը չի հավակնելու ո՛չ վարչապետի, ո՛չ էլ ԱԺ նախագահի պաշտոնին, Ա.Սարգսյանը նշեց, որ դա ցույց կտա 2018 թվականը։