Միջազգային և հայ աստղերը միանում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Սուպեր հայրիկներ» հանրային արշավին
Հեռուստատեսային և սպորտային ոլորտների հայտնի աստղերը՝ Մահերշալա Ալին (Mahershala Ali), Դևիդ Բեքհեմը (David Beckham), նորզելանդական «The All Blacks» ռեգբիի թիմը, Դանիել Կորմիերը (Daniel Cormier), Նովակ Ջոկովիչը (Novak Djokovich), Լուի Հեմիլթոնը (Lewis Hamilton), Հյու Ջեքմանը (Hugh Jackman), Հորդանանի թագուհի Ռանիան (Queen Rania), Աշերը (Usher), Թալիան (Thalia) և Քրիս Վեիդմանը (Chris Weidman) միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր նախաձեռնությանը՝ «Սուպեր հայրիկ» հանրային արշավին՝ ուղղված Հայրության տոնը նշելուն և ընդգծելու սիրո, խաղի, պաշտպանության և ճիշտ սնուցման դերը երեխայի ուղեղի առողջ զարգացման համար:
Ավելի քան 80 երկրներոմ նշվող Հայրության տոնի կապակցությամբ իրականացված նախաձեռնության նպատակն է՝ խրախուսել ընտանիքներին՝ տեղադրել իրենց «սուպեր հայրիկ» թեմայով լուսանկարներն ու տեսանյութերը Ինսթագրամ և Թվիթեր սոց. ցանցերի իրենց էջերում՝ կիրառելով #EarlyMomentsMatter հեշթեգը: «Սուպեր հայրիկ» նախաձեռնության բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը տեղ են գտել արշավի տեսադարանում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՅՈՒՆԻՍԵՖ-ի-ի հայաստանյան գրասենյւակից, հանրային արշավին հայ աստղերից միացել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը, հունահռոմեկան ոճի ըմբշամարտիկ՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, երգիչ-երգահան Արթուր Իսպիրյանը, հեռուստատեսության և ռադիոյի աստղեր Արման Մարգարյանը, Էրիկ Անթարանյանը, Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումով), Վահե Խանամիրյանը և Կարեն Հարությունյանը:
«Սուպեր հայրիկ» նախաձեռնությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի #EarlyMomentsMatter հանրային արշավի մաս է կազմում, որի նպատակն է տեղեկացնել, թե ինչպես է այն միջավայրը, որում երեխան մեծանում է և նրա վաղ տարիների փորձառությունը ներազդում երեխայի վրա՝ հետագայում ձևավորելով նրա առողջությունը, բարեկեցության ընդունակություններն ու նույնիսկ հասուն տարիքում վաստակելու հնարավորությունները:
«Կյանքի վաղ տարիները որոշիչ, կյանքում մեկ անգամ տրվող հնարավորություն են երեխայի ուղեղի զարգացման համար և հենց երեխաների ծնողներին է պատկանում այդ հարցում ամենամեծ մասնաբաժինը», – նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Վաղ մանկության զարգացման բաժնի ղեկավար Փիա Բրիտտոն (Pia Britto):
Լավ ծնողավարությունը երեխայի կյանքի հատկապես առաջին 1000 օրերի ընթացքում նպաստում է երեխայի ուղեղում նյարդային միացումների ի հայտ գալուն՝ դրանով իսկ պայմանավորելով երեխայի հետագա հաջողությունները: Հետազոտությունները մատնանշում են, որ երբ երեխաները ջերմ փոխհարաբերությունների մեջ են հայրերի հետ, հետագայում հոգեպես լինում են ավելի առողջ, ավելի ինքնավստահ են և կյանքով բավարարված:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր վերլուծության, աշխարհի ավելի քան 74 երկրներում 3-4 տարեկան երեխաների 55 տոկոսի, այն է՝ 40 միլիոն երեխայի հայրիկները չեն խաղում և չեն մասնակցում երեխայի՝ վաղ զարգացմանը նպաստող գործընթացներին:
«Այս թվերը մատնանշում են, որ հայրիկները դժվարանում են իրենց երեխաների կյանքի վաղ շրջանում ակտիվ մասնակցություն ունենալ», – նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Տվյալների, հետազոտության և քաղաքականության բաժնի ղեակավար Լորենս Չենդին (Laurence Chandy): «Մենք պետք է վերացնենք այն արգելքները, որոնք խանգարում են հայրիկներին՝ իրենց փոքրիկների զարգացման և աճի համար նպաստավոր միջավայր ստեղծել՝ լեցուն սիրով, խաղերով, պաշտպանվածության զգացումով և սննդարար կերակրատեսակներով: Մենք պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որ բոլոր ծնողները բավարար ժամանակ, միջոցներ և անհրաժեշտ գիտելիքներ ունենան ՝ իրենց երեխաներին կյանքի լավ սկիզբ ապահովելու համար»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծությունը, որը հիմնված է ծնողավարման վարքագծերի՝ բազմակի ցուցիչների խմբային հարցում-ծրագրի արդյունքում ստացված տվյալների վրա, հետազոտել է 3-4 տարեկան երեխաների շրջանում հայրիկների ներգրավվածությունը խաղի և վաղ մանկական զարգացմանը նպաստող այլ գործոնների տեսանկյունից: Այդ գործոնների թվին են պատկանում՝ երեխայի համար գիրք կարդալը, հեքիաթներ պատմելը, երգելը, նրանց զբոսանքի տանելը, միասին առարկաներ անվանելը, հաշվելը և նկարելը: Բազմակի ցուցիչների խմբային հարցումը աշխարհում ծնողավարման վարքագծերի վերաբերյալ համեմատական տվյալների ամենածավալուն հավաքագրումն է:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին և մասնավոր հատվածին՝ աջակցել և ավելացնել ներդրումները վաղ մանկական զարգացման ծրագրերի մեջ, որոնք կոչված են ծնողներին զինել անհրաժեշտ միջոցներով և գիտելիքներով՝ իրենց երեխաներին խնամելու համար: