
Մոսկվայի Կուրսկի կայարանում երկու էլեկտրագնացքներ են բախվել

Երկու էլեկտրագնացքներ են բախվել Մոսկվայի Կուրսկի կայարանի շրջանում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳ նախարարության կենտրոնական դաշնային օկրուգի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունում:
«Հաստատում ենք Նախաբինոյից Շչերբինկա մեկնող էլեկտրագնացքի եւ Նիժնի Նովգորոդ-Մոսկվա «Ստրիժ» արագընթաց գնացքի բախման փաստը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես ճշտել են Մոսկվայի երկաթուղու մամուլի ծառայությունում, Մոսկվայի ժամանակով ժամը 14:38-ին կայարանից Էլեկտրանացքի մեկնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկատվության, ռելսերից դուրս են ընկել երկու վագոնների զույգ անիվները, ինչի հետեւանքով դրանք թեքվել են Նիժնի Նովգորոդից կայարան ժամանող «Ստրիժ» գնացքի կողմը:
Արտակարգ պատահարի հետեւանքով տուժել է երկու մարդ: «Նախնական տեղեկատվության համաձայն, վնասվածքներով կայարանի բուժկետ են դիմել «Ստրիժ» գնացքի երկու ուղեւորներ»,- ասել է մամուլի ծառայության աշխատակիցը: Վթարի հետեւանքները վերացնելու համար այդ պատահարի վայր է ուղարկվել երկու վերականգնողական գնացք:
Իր հերթին արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Կուրսկի կայարանում տեղի է ունեցել մերձքաղաքային հաղորդակցության երկու գնացքների բախում: Դրա հետեւանքով վագոններից մեկը մասամբ դուրս է եկել ռելսերից: «Ուղեւորները տարհանվել են նախքան հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների ժամանումը»,-ասել է գործակալության զրուցակիցը: Տեղեկատվությունը ճշտվում է: