«Մուրացանի» հոսպիտալ Ստեփանակերտից ևս մեկ զինծառայող է տեղափոխվել
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական «Մուրացան»-ի հոսպիտալ հունիսի 19-ին Ստեփանակերտից ուղղաթիռով եւս մեկ զինծառայող է տեղափոխվել, ով ադրբեջանական կողմի սադրանքների հետևանքով վիրավորում է ստացել հունիսի 17-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանն ասաց, որ նա ծայրահեղ ծանր վիճակում է:
«1997 թվականին ծնված Յուրի Արմենի Զաքարյանը ստացել էր գլխի հրազենային թափանցող վիրավորում: Ստեփանակերտում նրան վիրահատել են, հիմա վիրահատության կարիք չկա; Նրա մոտ գիտակցությունը բացակայում է, գտնվում է արհեստական շնչառության տակ»,-ասաց Հովհաննիսյանը:
«Մուրացան» կենտրոնական կլինիկական հոսպիտալում գտնվող 1997 թվականին ծնված Ժամկետային զինծառայող գլխի ականապայթյունային վիրավորում ստացած Արմեն Հարությունի Վարդանյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր: «Ներկայում հիվանդն ինքնուրույն շնչում է, կոնտակտի մեջ մտնում է: Վիրահատության կարիք չկա, գտնվում է հսկողության տակ»,-ասաց Գայանե Հովհաննիսյանը: