Մոսկվան դադարեցնում է ԱՄՆ-ի հետ հուշագրի գործողությունը Սիրիայի երկնքում
ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագրի շրջանակներում: Այդ մասին ասված է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:
«Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժը Ռաքայի նահանգում խոցել է սիրիական Սու-22-ն այն բանից հետո, երբ վերջինս իբր ռումբեր է նետել SDF-ի դիրքերի մերձակայքում, ավելի վաղ հայտնել են կոալիցիայում: Դամասկոսը հայտարարել է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն առաջադրանք էր կատարում ԻՊ-ի դեմ:
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ս.թ. հունիսի 19-ից դադարեցնում է ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունը Սիրիայում գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման եւ օդուժի թռիչքների անվտանգության ապահովման հուշագրի շրջանակներում եւ պահանջում է ամերիկյան հրամանատարության կողմից հանգամանալից հետաքննություն՝ դրա արդյունքների եւ ձեռնարկված միջոցների տրամադրմամբ»,- ասված է ՌԴ-ի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: