Արցախում վիրավորված զինվորներից մեկի աչքը վիրահատել են, մյուսը կայուն ծանր վիճակում է
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հունիսի 16-ին վիրավորում ստացած եւ «Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» տեղափոխված զինվորի վիճակը միջին ծանրության է: «Արմենպրես»-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն ասաց, որ զինվորի մոտ երկու աչքն էլ վնասված է: «Մի աչքն արդեն վիրահատել ենք: Նրան երկարատեւ բուժում է սպասվում»,-ասաց Մալայանը՝ չբացառելով առաջիկայում ևս վիրահատության անհրաժեշտությունը:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանն էլ ասաց, որ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող մյուս զինվորը կայուն ծանր վիճակում է:
Հաստոցավոր հակատանկային նռնականետերից ադրբեջանական կողմը հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Հայտնի էր դարձել նաև, որ երկու զինծառայող տեղափոխվել են հիվանդանոց: