«Եթե ես չլինեի, չէր լինի Դիլիջանի ջուրը». Գիա Կանչելի
Հունիսի 18-20-ը «Գիա Կանչելի» փառատոնի շրջանակներում՝ վրացի մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Գիա Կանչելին Հայաստանում է:
Գիա Կանչելին գրել է ոչ միայն սիմֆոնիկ, կամերային ստեղծագործություններ, այլև գրել է երաժշտություն ֆիլմերի և ներկայացումների համար, ինչը, իր իսկ խոսքով, իրեն միայն օգնել է: Նա նաև «Միմինո» ֆիլմի երաժշտության հեղինակն է։
Կոմպոզիտորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց մի հետաքրքիր դեպք՝ «Միմինո» ֆիլմի հետ կապված.
«Դիլիջանում հիմա կա այնպիսի մի տեղ, որտեղ մոտենում ես, և քեզ կարող են լցնել մի բաժակ Դիլիջանի ջուր, եթե ես չլինեի, չէր լինի Դիլիջանի ջուրը, չէր լինի այդ տեղը: Դա տեղի ունեցավ հետևյալ կերպ. «Միմինոյից» հետո «Նամուս» ֆիլմն էր նկարահանվում: Այդ ժամանակ ես ուրիշ կինոնկարի վրա էի աշխատում: Այդ ընթացքում միջանցքով անցնելիս՝ երբ իմացա, որ գնում է «Միմինո» ֆիլմի ձայնագրությունը, ներս մտա: Ֆրուզիկը և Կիկաբիձեն ջրի տեսարանն էին ձայնագրում, ու քանի որ Ֆրունզիկը ծնվել էր Լենինականում, նա պետք է ասեր՝ ամենալավ ջուրը լենինականինն է, երբ լսեցի, խնդրեցի, որ փոխեն. ասացի՝ ի՞նչ կապ ունի Լենինականը, ես իմ 6 սիմֆոնիաները գրել եմ Դիլիջանում, բացի այդ էլ՝ Լենինականի մեջ կա Լենին անունը: Դրանից հետո Ֆրունզիկը Լենինականի փոխարեն՝ ասաց՝ Դիլիջանի ջուր: Ու ես դրանով կարող եմ հպարտանալ»:
Անի Թորոսյան