Իրանի նախագահն ուղերձ է հղել Կատարի Էմիրին
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Կատարի Էմիրին՝ Թամիմ բեն Համադ ալ Թանիին, ուղերձ է փոխանցել Իրանի ԱԳ նախարարի օգնականի միջոցով: Այդ մասին հայտնել է Կատարի QNA նորությունների գործակալությունը: Իրանի ԱԳ նախարարի՝ արաբական եւ աֆրիկյան երկրների գործերով օգնական Հուսեյն Ջաբրի Անսարիի եւ Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ ալ Թանիի հանդիպումը տեղի է ունեցել անցած կիրակի՝ հունիսի 18-ին:
Գործակալությունը չի բացահայտել Իրանի նախագահի նամակի բովանդակությունը: Անսարին դարձել է իրանցի առաջին բարձրաստիճան անձը, որը Դոհա է այցելել մի շարք արաբական երկրների եւ Կատարի միջեւ երկու շաբաթ առաջ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր շփումները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարել են նաեւ Մալդիվները, Մավրիկիոսը, Մավրիտանիան:
Հորդանանը եւ Ջիբուտին նվազեցրել են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը Կատարում: Սենեգալը, Նիգերը եւ Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին: Կատարի շրջափակմանը չեն միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող երկու պետություններ՝ Քուվեյթը եւ Օմանի սուլթանությունը: Կատարը հերքել է բոլոր մեղադրանքները եւ հայտարարել, որ պատասխան միջոցներ չի ձեռնարկելու, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: