Տուլայի ավտովթարից տուժած երեխաներից մեկի վիճակը միջին ծանրության է
Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի և երթուղային միկրոավտոբուսի (որում եղել է 20 ուղևոր) բախման հետևանքով տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ: Վիրավորներից 6ը տեղափոխվել է Ստուպինո, 3ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Տուլայում բժշկական օգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխա է: Նրանց բուժօգնությունն իրականացվում է Տուլայի հիվանդանոցում, երեխաներինը` Տուլայի շրջանային մանկական կլինիկական հիվանդանոցում և Տուլայի Վանիխինի անվան հիվանդանոցում: 2-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար, երեխաներից մեկինը` միջին ծանրության:
Նշենք, որ բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում: ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ:
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի: