«Ռուսաստանն էր, որ մեզ համոզեց զինադադար կնքել. եթե նա դա չաներ, մենք պատերազմը գուցեև այլ դիրքերում ավարտեինք». Արա Պապյան
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով՝ արցախաադրբեջանական սահմանին տեղի է ունենում այն, ինչ կանխատեսվում էր նախորդ տարվա ապրիլյան պատերազմից հետո, այն է՝ եթե Ադրբեջանը չպատժվի, ապա ավելի է լկտիանալու ու քայլ առ քայլ սրելու է հակամարտությունը, շարունակելու է իր հյուծող պատերազմի քաղաքականությունը։
«Ես չեմ կարծում, որ այս տարի Ադրբեջանը կգնա մեծածավալ պատերազմի՝ մի շարք պատճառներով. առաջին հերթին՝ նա դեռ չի կարողացել հասնել զենքի բավարար յուրացման և համադրման, հատկապես՝ թուրքական սպայակազմի, որը, ըստ որոշ տվյալների՝ արդեն մեծաքանակ խմբերով սկսել է ներառվել ադրբեջանական բանակի մեջ։ Մյուս կողմից էլ՝ այս ամբողջը չի կարող առանց հետևանքների անցնել, այսինքն՝ հնարավոր չէ, որ երկիրը շարունակի զենք գնել, և երբևէ դա չտա իր արդյունքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։
Պապյանի խոսքով՝ Ադրբեջանը չի գնում լայնածավալ պատերազմի, որովհետև հետևանքները կանխատեսելի չեն, և երկրորդ՝ նրանք հասկացել են, որ նման իրավիճակում հայերը համախմբվում են, հակահարված են տալիս, որը կարող է շատ ողբերգական լինել իրենց համար։
«Ադրբեջանը չպետք է անպատիժ մնա։ Բոլոր տեսակի կոչերը միջազգային հանրությանը, ՄԽ-ին, ՄԱԿ-ին, որ՝ զսպեք Ադրբեջանին, կարծում եմ՝ անիմաստ են, որովհետև Ադրբեջանը ցույց է տվել՝ ինքն այն երկիրը չէ, որ հարգի միջազգային պարտավորությունները։ Ադրբեջանը եթե հարգող լիներ, կհարգեր հենց նույն Բիշքեկի 1994թ. զինադադարը՝ առաջին հիմնարար փաստաթուղթը»,- ասաց նա՝ հավելելով, որ Ռուսաստանն ավելի կոշտ դիրքորոշում պետք է որդեգրի Ադրբեջանի նկատմամբ՝ ելնելով հենց Բիշքեկի զինադադարից։
«Ռուսաստանն էր, որ մեզ համոզեց զինադադար կնքել՝ ասելով, որ երաշխավորը կլինի խաղաղության և զինադադարի։ Եթե այն ժամանակ Ռուսաստանը դա չաներ, մենք պատերազմը գուցեև այլ դիրքերում ավարտեինք։ Այնինչ, հիմա Ռուսաստանն իրեն այնպես է պահում, ասես զուտ համանախագահող երկրներից մեկը լինի։ Ռուսաստանի պարտավորությունները շատ ավելի շատ են։ Չեմ խոսում համանախագահող մյուս երկու երկրի մասին՝ և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ը պետք է ավելի կոշտացնեն իրենց դիրքորոշումը։ Ճիշտ է՝ որոշակի թիրախային հայտարարություններ կան, բայց եթե սրան չհաջորդեն պատժամիջոցներ, ապա Ադրբեջանի վրա դա որևէ ազդեցություն չի ունենա»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում