
Brexit-ի շուրջ բանակցությունները պետք է վերաբերեն ապագային, այլ ոչ թե ընթացիկ խնդիրներին. Ջոնսոն

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները, որոնք հունիսի 19-ին սկսվում են Բրյուսելում, պետք է վերաբերեն ապագային, այլ ոչ թե ընթացիկ, այդ թվում՝ ֆինանսական խնդիրներին: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը՝ Լյուքսեմբուրգ ժամանելուց հետո, որտեղ նա պետք է մասնակցի Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
«Այսօր սկսվում են Brexit-ի շուրջ բանակցությունները: Դրանք պետք է միտված լինեն հեռանկարին, ապագային, այլ ոչ թե սեւեռված լինեն ընթացիկ ֆինանսական խնդիրների վրա»,-ասել է Ջոնսոնը:
Իր հերթին Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսը նշել է, որ այդ բանակցություններում ԵՄ-ի երկրներն «ակնկալում են լսել Մեծ Բրիտանիայի հստակ դիրքորոշումը Brexit-ի հանգուցային հարցերի, առաջին հերթին՝ Brexit-ից հետո ԵՄ-ի երկրներում ապրող բրիտանացիների բոլոր իրավունքների եւ Միացյալ Թագավորությունում ապրող ԵՄ-ի պետությունների քաղաքացիների իրավունքների պահպանման վերաբերյալ», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: