Բաժիններ՝

«Սիրիայի «հողում» բոլոր գործողությունները պետք է համաձայնեցվեն Դամասկոսի հետ». Լավրով

Բոլոր երկրները պարտավոր են հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սիրիական «հողում» բոլոր գործողությունները համաձայնեցնել Դամասկոսի հետ: Այդ մասին հունիսի 19-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է ՍԱՀ-ի «հողում տեղի ունեցողին, մենք ելնում ենք այն բանից, որ անհրաժեշտ է հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը,- նշել է նախարարը:- Ուստի սիրիական «հողում» բոլոր գործողությունները, իսկ այնտեղ շատ են մասնակիցները, այդ թվում նրանք, ովքեր ռազմական գործողություններ են իրականացնում, պետք է  համաձայնեցվեն Դամասկոսի հետ»:

Լավրովի խոսքով՝ Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին՝ աշխատանքի փոխհամաձայնեցվածություն ապահովել Սիրիայում եւ հարգել երկրի ինքնիշխանությունը: «Մենք կոչ են անում Միացյալ Նահանգներին եւ բոլոր մյուսներին, որոնք իրենց ուժերն ու իրենց խորհրդականներն ունեն Սիրիայի հողում, ապահովել մեր աշխատանքի փոխհամաձայնեցվածությունը,- ասել է նախարարը:- Ապաէսկալացման գոտիները համատեղ առաջ ընթանալու հնարավոր տարբերակներից մեկն են»:

«Հրավիրում են բոլորին՝ խուսափել միակողմանի գործողություններից, հարգել Սիրիայի ինքնիշխանությունը եւ ներգրավվել մեր ընդհանուր աշխատանքում, որը համաձայնեցված է ՍԱՀ-ի կառավարության հետ»,- հավելել է Լավրովը: Ավելի վաղ Սիրիայի կառավարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը Սիրիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ են խփել: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ռաքայի նահանգի Էս Սաուրա քաղաքից ոչ հեռու:

Դամասկոսը հայտարարել է, որ ինքնաթիռը մարտական առաջադրանք էր կատարում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ: Սիրիայի հայտարարության մեջ ասված է, որ ինքնաթիռի ոչնչացումը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ ահաբեկչության դեմ պայքարի գործում:

Իրենց հերթին ամերիկացի զինվորականները պնդում են, որ սիրիական ռազմական ինքնաթիռը ռումբեր է նետել ապստամբների ջոկատից ոչ հեռու, որոնց աջակցում է Ամերիկան, ինչից հետո խփվել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս