Բաժիններ՝

Էրդողանը թերթերին կարգադրել է չգրել «արդարության երթ»-ի մասին. թուրք պատգամավոր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արգելել է երկրի խոշորագույն լրատվամիջոցներին լուսաբանել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ը: Ինչպես հաղորդում է թուրքական Dıken-ը, այս մասին հայտարարել է ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Այքութ Էրդողդուն:

Նա թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ Էրդողանը կարգադրել է բոլոր թերթերի ղեկավարներին ու մասնավորապես Թուրքիայում խոշորագույն՝ «Այդըն» հոլդինգին «չգրել «արդարության երթի» մասին»: «Նա «արդարության երթ»-ի մասին գրելն ահաբեկչություն է կարծում, քանի որ վախենում է: Անատոլիայի ճանապարհներից բարձրացող արդարության ճիչը ցնցում է նախագահական պալատը»,- նշել է Էրդողդուն:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը ելույթ էր ունեցել, որում «արդարության երթ»-ի բոլոր մասնակցողներին հավասարեցրել էր հեղաշրջման փորձը նախաձեռնողների հետ:

Քըլըչդարօղլուն և նրա կողմնակիցները հունիսի 15-ին սկսել են իրենց երթը Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց: Երթը պետք է ավարտվի Ստամբուլի Մալթեփեի բանտի մոտ: Այն իրականացվում է՝ ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման: Քըլըչդարօղլուն ասել է, որ օրական պետք է անցնեն 18 կմ: Ակնկալվում է, որ երթը կշարունակվի 28 օր: Քեմալականները քայլելուց հետո գիշերելու են ճանապարհների վրա տեղադրված վրաններում:

Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին բեռնատարների վերաբերյալ: Հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում:

Cumhurriyet թերթի լրագրողները, այդ թվում և գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը ձերբակալել էին դեռևս 2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետություն»խմբավորման ահաբեկիչներին:

Դատարանը լրագրողներին մեղադրել էր պետական գաղտնիքներ հրապարակելու, լրտեսության և ահաբեկչական գաղտնի կառույցի անդամակցելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս