11 ֆիլմ, որ առաջարկում է դիտել Սամվել Թադևոսյանը
Միմյանց ֆիլմեր առաջարկելը շատ նուրբ և ինքնատիպ գործընթաց է: Նախ՝ ֆիլմերը մեծ ներդրում կարող են ունենալ մեկը մյուսի մասին նոր բացահայտումներ անելու, «մութ կողմերին» ծանոթանալու գործընթացում: Եվ, բացի այդ, առաջարկված ֆիլմերն ամենասիրելին դառնալու մեծ պոտենցիալ ունեն, հատկապես, եթե ֆիլմ դիտելու ցանկություն (կամ գուցե պահանջ) ունեք, բայց խճճվել եք բազմազանության մեջ, և ընտրություն կատարելու համար թարմություն է պակասում:
168.am-ը որոշել է իր ընկերների հետ ֆիլմեր առաջարկելու գործընթացի մասնակիցը դառնալ, և առաջինը, ով միացել է «արշավին», կարճ ժամանակահատվածում ճանաչում ձեռք բերած և սիրված դերասան Սամվել Թադևոսյանն է:
11 ֆիլմ, որ առաջարկում է դիտել դերասան Սամվել Թադևոսյանը
«Վնաս» (Damage)
Ֆրանսիացի կինոռեժիսոր Լուի Մալի «Վնաս» ֆիլմը պատմում է Սթիվեն Ֆլեմինգի (Ջերեմի Այրոնս) և Աննա Բարթոնի (Ժուլիետ Բինոշ) մասին, ովքեր առաջին հայացքից՝ միանգամայն տարբեր մարդիկ են: Սթիվենը տարեց բարձրաստիճան դիվանագետ է, ընտանեսեր է և սիրող հայր: Աննան երիտասարդ, համեստ գործարար կին է, ով մեկուսի կյանք է վարում: Բայց, այնուամենայնիվ, նրանք սիրահարվեցին առաջին իսկ հայացքից: Անզոր լինելով դիմակայել գնալով աճող սիրուն՝ Սթիվենն ամբողջովին տրվում է ամենակուլ կրքին, չնայած ընտանիքի առկայությանը, հասարակական դիրքին և այն հանգամանքին, որ Աննան իր որդու հարսնացուն է:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Հեծանիվով տղան» (Le gamin au vélo)
«Հեծանիվով տղան» դրաման նկարահանվել է բելգիացի կինոռեժիսորներ Դարդեն եղբայրների՝ Ժան-Պիեռի և Լյուկի կողմից: Սա պատմություն է 12-ամյա մի դեռահասի մասին, ով ցանկանում է գտնել իրեն մանկատանը թողած հորը: Բոլորովին պատահաբար նա ծանոթանում է Սամանթայի հետ, ով թույլ է տալիս տղային մնալ իր հետ հանգստյան օրերին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Սիրային տրամադրություն» (In the Mood for Love)
Հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կարվայի այս գլուխգործոցի հերոսները՝ Սուն և Չոուն, նույն օրը տեղափոխվում են բնակելի տան հարակից սենյակներ: Նրանց ամուսինները հաճախ են երկար մնում աշխատավայրում: Մենք նրանց երբեք չենք տեսնում: Չոուն ճանաչում է Սուի պայուսակը, որը նրան նվիրել է ամուսինը: Նրա կինն ունի այդ նույն պայուսակից: Իսկ Սուն ճանաչում է Չոուի փողկապը, որը վերջինիս նվիրել է նրա կինը: Այդ նույն փողկապից ունի նաև իր ամուսինը:
Ակնհայտ է դառնում Չոուի կնոջ և Սուի ամուսնու դավաճանությունը: Ի՞նչ անել. վրեժխնդի՞ր լինել, թե՞ պարզապես սուզվել սիրո տրամադրության քաղցր երաժշտության մեջ:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Օռլանդո» (Orlando)
Սալլի Փոթթերի «Օռլանդո» ֆիլմի հիմքում ընկած է Վիրջինիա Վուլֆի համանուն վեպը:
Օռլանդոն երիտասարդ արիստոկրատ է, ով լրջորեն տրամադրված է վերափոխել իր կյանքն արվեստի:
Ֆիլմը բաղկացած է իմաստային 7 մասերից. մահ, սեր, պոեզիա, քաղաքականություն, հասարակություն, սեքս և ծնունդ, և այս ամենն ընդգրկում է 350 տարի տևողությամբ ժամանակահատված: Այս ժամանակահատվածի առաջին կեսն ապրում է՝ որպես տղամարդ, իսկ երկրորդ կեսը՝ որպես կին:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ամբողջական խավարում» (Total Eclipse)
Լեհ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդի «Ամբողջական խավարումը» պատմում է 19-րդ դարի մեծ ֆրանսիացի բանաստեղծներ Պոլ Վեռլենի և երիտասարդ Արթյուր Ռեմբոյի բարդ, տարօրինակ և, միևնույն ժամանակ, երկիմաստ հարաբերությունների մասին: Սիրային եռանկյունու ներսում իրական ողբերգություն է:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Ժանիք» (Dogtooth)
Հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Ժանիք» դրաման պատմում է քաղաքի ծայրամասում ապրող մոր, հոր և նրանց երեք երեխաների մասին: Տունը շրջապատված է բարձր ցանկապատով, որի սահմաններից դուրս երեխաները երբեք չեն եղել: Նրանք մեծանում են, զվարճանում, սովորում են և խաղում են այնպես, ինչպես ճիշտ են համարում նրանց ծնողները: Նրանք հավատում են, որ ինքնաթիռները խաղալիքներ են, իսկ «զոմբիները» դեղին ծաղկի անվանում է:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Կայանիսքացի» (Koyaanisqatsi)
«Koyaanisqatsi»-ն հնդկացիների Հոպի ցեղի լեզվում նշանակում է՝ խենթ կյանք, խառնաշփոթային կյանք, կործանման եզրին կանգնած կյանք, անհավասարակշիռ կյանք, կյանք, որը փոփոխություն է պահանջում՝ հանուն կյանքի շարունակության:
Ֆիլմի ռեժիսորն է էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ամերիկացի կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոն:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Վերջին տանգոն Փարիզում» (Ultimo Tango a Parigi)
Կինոռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչիի «Վերջին տանգոն Փարիզում» դասական էրոտիկ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Փարիզում, 60-ականների վերջին: Քառասունհինգ տարեկան ամերիկացին (Մարլոն Բրանդո) ցնցված է կնոջ մահից. նա իրեն մեղավոր է զգում և գտնվում է խորը դեպրեսիայի մեջ:
Հուսահատորեն կառչելով կյանքից՝ նա ծանոթանում է երիտասարդ, կրքոտ և էքսցենտրիկ կնոջ (Մարիա Շնայդեր) հետ: Նրանց միջև կապը գնալով ավելի կրքոտ է դառնում, կիրք, որի սահմանները դժվար է պատկերացնել…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Բյութիֆուլ» (Biutiful)
Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի՝ 2010 թվականին նկարահանած դրամատիկ ֆիլմը պատմում է Ուզբալի (Խավիեր Բարդեմ) մասին, ով ամուսնալուծված է, ապրում է երկու երեխաների հետ։ Գլխավոր հերոսը ներգրավված է անօրինական զբաղմունքի մեջ. օգնում է անօրինական իմիգրանտներին աշխատանք գտնել՝ դրանից որոշակի շահույթ ունենալով։ Շուտով իմանալով անբուժելի հիվանդության մասին՝ Ուզբալը սկսում է պատրաստվել մահվան…
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Սլաքավարը» (De wisselwachter)
1986 թվականին Ժան-Պոլ Ֆրանսսենսի համանուն գրվածքի հիման վրա հոլանդացի ռեժիսոր Յոս Ստելինգի նկարահանած ֆիլմը պատմում է երկաթուղային սլաքավարի և մի կնոջ մասին։ Սլաքավարն ապրում է երկաթուղու բաժանման սահմանի վրայի կայարանում՝ մարդկանցից մեկուսացված մի վայրում։
Մի ձմեռ պատահաբար նրա կայարանում իջնում է մի կին, և նրանք մոտ մեկ տարի միասին ապրում են սլաքավարի փոքրիկ տնակում։ Սլաքավարի և կնոջ միջև ոչ սովորական հարաբերություններ են ծագում։
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
«Փաթերսոն» (Paterson)
Ամերիկացի կինոռեժիսոր Ջիմ Ջարմուշի ֆիլմը պատմում է Փաթերսոնի կյանքի մասին, ում կյանքն ամբողջովին ռոմանտիզմ է. Նյու Ջերսի նահանգի Փաթերսոն քաղաքում նա աշխատում է՝ որպես ավտոբուսի վարորդ, իսկ ազատ ժամանակ բանաստեղծություններ է գրում իր սիրելի կնոջ՝ Լաուրայի համար: Փաթերսոնն առօրյա կյանքի գեղեցկությունը վերածում է բանաստեղծության և ամենուրեք հանդիպում է բանաստեղծների. այդպիսին է բանաստեղծներ Ալեն Գինսբերգի և Ուիլյամ Կարլոս Ուիլյամսի ծննդավայրի կախարդանքը:
Փաթերսոնը նույնիսկ չի երազում հրապարակվելու մասին, սակայն մի փոքրիկ իրադարձություն ամբողջովին փոխում է նրա պլանները:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ
Անի Գաբուզյան