Բաժիններ՝

ԵՊՀ-ում բացվեց Քրիստոֆ Թերզյանի անունը կրող մոլեկուլային գենետիկայի լաբորատորիա

Այսօր Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում բացվեց ֆրանսահայ կենսաբան, դոկտոր Քրիստոֆ Թերզյանի անունը կրող մոլեկուլային գենետիկայի լաբորատորիա։ Ծրագիրը ֆինանսավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի բարերար Ժակլին Թերզյանը՝ Քրիստոֆ Թերզյանի մայրը, ով ներկա էր լաբորատորիայի բացման արարողությանը.

«Մեծ ճառեր ասող չեմ։ Բան չեմ կարող ասել, որովհետև հուզված եմ շատ։ Շատ ուրախ եմ, որ կատարված աշխատանքի արդյունքն ակներև է»,- ասաց նա։ Մոլեկուլային գենետիկայի լաբորատորիան ամբողջովին վերազինվել է նոր սարքավորումներով։ Լաբորատորիայի կառուցման վրա ընդհանուր առմամբ ծախսվել է մոտ 26 միլիոն դրամ, որից 24 միլիոն դրամով գնվել են ժամանակակից սարքավորումներ մոլեկուլային-գենետիկական ուսումնասիրությունների համար, մնացած գումարով ապահովվել է լաբորատորիայի վերանորոգումը և կահավորումը:

Կարդացեք նաև

Լաբորատորիայի բացմանը ներկա էր ԵՊՀ-ի ղեկավարությունը՝ պրոռեկտորները, ֆակուլտետի դեկանը։ Երևանի պետական համալսարանի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանի խոսքով՝ մոլեկուլային գենետիկայի ասպարեզում աշխատելու համար երկու խոշոր սարք են գնել։

Մեկը պոլիմերազային շղթայական ռեակցիաներ կատարելու համար նախատեսված սարքն է, որը թույլ է տալիս միլիոնավոր անգամներով մեծացնել ԴՆԹ-ի քանակը և միաժամանակ անալիզի ենթարկել ԴՆԹ-ն, իսկ դրա արդյունքներն անալիզի են ենթարկվում մյուս սարքի՝սպեկտրոֆոտոմետրիայի միջոցով։

«Չափազանց օգտակար սարքեր են մեզ համար։ Այժմ կարող ենք ասել, որ ունենք մեկ ակտիվ գործող լաբորատորիա։ Մենք նաև մյուս գիտական հիմնարկների հետ ենք համագործակցում»,- ասաց Ռուբեն Հարությունյանը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանի համոզմամբ՝ կարողացել են ստեղծել մի լաբորատորիա, որն ունի արդիականացված սարքավորումներ, շատ լայն հնարավորություններ է տալիս, և որում արդեն իսկ շատ աշխատանքներ են կատարվում՝ ոլորտում ձեռքբերումներ ունենալու համար։

Նա վստահություն հայտնեց, որ այս ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի զարգացնել ոլորտը։ Մոլեկուլային գենետիկայի լաբորատորիայի բացմանը ներկա էին նաև Քրիստոֆ Թերզյանի երկու դուստրերը՝ Լուէն Թերզյանը և Լյուսի Թերզյանը։

«Շատ հպարտ եմ ուղղակի։ Կարծում եմ՝ այս նվիրատվությունը շատ օգտակար կլինի և թույլ կտա գիտահետազոտողներին շատ ավելի արդյունավետ աշխատել։ Այս մասնակցությունը թույլ կտա նաև մեզ մտածել ավելի երկար համագործակցության մասին»,- ասաց Լուէն Թերզյանը։ Քրիստոֆ Թերզյանը կյանքից հեռացել է 2016-ի ամռանը՝ 56 տարեկան հասակում:

Թերզյանն իր ամբողջ կյանքը նվիրել է էվոլյուցիոն և մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի բնագավառներում հետազոտություններ կատարելուն: Ապրելով Ֆրանսիայում՝ նա ամեն կերպ աջակցել է Հայաստանում գիտության զարգացմանը:

Թերզյանն ակտիվորեն մասնակցել է Գիտական համագործակցության ֆրանս-հայկական ասոցիացիայի՝ AFACS-ի կազմակերպած նախագծերին: Հայաստանի համար դժվարին շրջանում՝ 90-ական թվականներին, դոկտոր Քրիստոֆ Թերզյանը բազմաթիվ զեկուցումներով է հանդես եկել ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնում:

Լինելով համալսարանում և ընդհանրապես Հայաստանում գենետիկայի և բջջաբանության զարգացման նվիրյալը՝ դոկտոր Թերզյանն իր մահվանից առաջ նշանակալի գումար է նվիրել ԵՊՀ-ի գենետիկայի և բջջաբանության ամբիոնին: Թերզյանի՝ համալսարանին նախկինում նվիրաբերած միջոցները, ինչպես նաև՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորումը թույլ տվեցին ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետում ամբողջովին վերազինել մոլեկուլային գենետիկայի նոր լաբորատորիան:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս