Բաժիններ՝

Գիտական ստարտափները Sevan Startup Summit-ում կարող են հաղթել 2500 դոլար մրցանակ

Հուլիսի 24-31-ը Սևանա լճի ափին կկայանա արդեն երկրորդ Sevan Startup Summit վրանային բիզնես-ֆորումը: Իր ձևաչափով Sevan Startup Summit-ը եզակի է տարածաշրջանում, քանի որ ստարտափների համար նախատեսված առաջին ոչ ֆորմալ միջոցառումն է: Բացի այդ, Sevan Startup Summit-ն իր ձևաչափով առաջինն է աշխարհում:

Վրանային ճամբարին մասնակցելու են թվով 70 ստարտափներ՝ տարբեր մակարդակներում, ծրագրավորողների թվով 30 թիմեր, 25 բիզնես թրեյներ, ինչպես նաև՝ մենթորներ, վենչուրային ներդրումային ընկերություններ, բիզնես-հրեշտակներ և արտասահմանից հրավիրված հյուրեր:

Վրանային ճամբարի ընթացքում սպասվող մի շարք մրցույթներին 168.am-ն արդեն անդրադարձել է: Կազմակերպիչները, սակայն, նշում են, որ մասնակիցները կարող են մրցել ևս մեկ մրցանակի համար՝ Science Battle-ի ընթացքում: Ճամբարին մասնակցող բոլոր այն ստարտափները, որոնք ունեն գիտական հիմք, այս մրցույթի արդյունքում կարող են հաղթել 2500 դոլար մրցանակ։

Այս բաթլը հովանավորելու է «Հանրային դիվանագիտություն» բարեգործական հ/կ-ն:

Կարդացեք նաև

Բարեգործական հասարակական կազմակերպությունում նշում են, որ Sevan Startup Summit-ը հրաշալի նախաձեռնություն է, որը հնարավորություն է տալիս գտնել նորարարական գաղափարներ, ինչպես նաև նպաստել դրանց հետագա զարգացմանը:

««Հանրային դիվանագիտություն» հ/կ-ն ևս ունի այս երկու գաղափարները, և հենց այստեղ է, որ խաչվում են մեր ճանապարհները: Աջակցելով գիտությանը՝ մենք ներդրում ենք անում, որ մեր երկրում գիտությունը զարգանա»,- նշում են հասարակական կազմակերպությունում:

Նշենք նաև, որ Science Battle-ը որևէ ոլորտին ուղղված 4-րդ մրցույթն է Sevan Startup Summit-ում: Բացի գիտությունից, կան տուրիզմին, գյուղատնտեսությանը, առողջ ապրելակերպին և սննդին ուղղված ստարտափների մրցույթներ:

Հիշեցնենք, որ Sevan Startup Summit-ը տեղի կունենա հուլիսի 24-31-ը:

Վրանային ճամբարին կարող են մասնակցել ստարտափները, ծրագրավորողները, ներդրողները, կամավորները, լրագրողները և լուսանկարիչները: Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 20-ը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս