«Ալիևը փորձելու է Ղարաբաղն անմիջապես ստանալ փաթեթով». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ՝ թեև մենք ստորագրել ենք Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերը, բայց այնուամենայնիվ, չգիտենք՝ այդ փաստաթղթերի բովանդակությունն ի՞նչ է:

«Մեզ համար դա շատ անհաջող փաստաթուղթ էր: Այդ փաստաթղթի հետ համաձայնությունից անմիջապես հետո Ռուսաստանի արտգործնախարարի կողմից պաշտպանվող այն գաղափարը, որ Թուրքիան դառնա ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ակտիվ կողմ, շատ մտահոգիչ է»,- նշեց բանախոսը։

Բայց նրա խոսքով՝ սա ընդամենը Ռուսաստանի և Թուրքիայի հերթական «սիլի-բիլիի» փուլն է, իսկ այդ փուլերը պարբերաբար եղել են և լինելու են:

Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ «Ալիևը փորձելու է Ղարաբաղն անմիջապես ստանալ փաթեթով», դա է նրա ռազմավարական հեռանկարը: «Միանշանակ է, որ Ալիևին միշտ Անկարան և Թուրքիան հետևից դիվանագիտորեն պաշտպանելու են։ Միանշանակ է և այն, որ Ալիևը կարող է հույսը դնել իր նախկին  դիվանագիտական փորձի վրա և ներկա փուլում առաջ շարժվել»,- ասում է նա։

Հրանուշ Խառատյանը հույս հայտնեց, որ ՀՀ դիվանագիտությունն ուշքի կգա: Բայց ասուլիսի մյուս բանախոս, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ մեր ներկայիս դիվանագիտությունը միշտ առաջ է շարժվում այն հեռանկարով, որ Ռուսաստանը չի թողնի: «Ամեն ինչում ասում են՝ Ռուսաստանը չի թողնի»:

Իսկ Հրանուշ Խառատյանի պնդմամբ՝ այսօր շատ խնդիրներ դարակում են մնացել հենց «Ռուսաստանը չի թողնիի» պատճառով։

Անի Թորոսյան

 

Տեսանյութեր

Լրահոս