ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի պատասխանը՝ ՀՔԱՎ-ին
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի կողմից մամուլում հրապարակված այն տեղեկատվության կապակցությամբ, թե ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմում քաղաքացիական ծառայողների կրճատումներն իրականացվել են օրենքի խախտմամբ և դրանց մասնակից է դարձել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը, հարկ ենք համարում տալ հետևյալ պարզաբանումը:
ՀՀ Վերահսկիչ պալատի աշխատակազմում կրճատվել է քաղաքացիական ծառայության գլխավոր 14 պաշտոն: «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ «Համապատասխան մարմնի վերակազմակերպումը և կառուցվածքային փոփոխությունը (անվանափոխությունը) քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ և կառուցվածքային փոփոխությամբ (անվանափոխությամբ) պայմանավորված հաստիքների կրճատմամբ: Տվյալ դեպքում կրճատումների պատճառը կառուցվածքային փոփոխությունների արդյունքում քաղաքացիական ծառայության անվանացանկից 14 պաշտոններն ընդհանրապես հանելն է, որից հետո այդ պաշտոններն այլևս չեն համարվում քաղաքացիական ծառայության պաշտոններ, հետևաբար դրանցում նշանակումներ և ազատումներ կատարելու հետ կապված իրավահարաբերություններն այլևս դուրս են քաղաքացիական ծառայության օրենսդրության կարգավորման դաշտից:
Իսկ կրճատումն իրականացվել է Օրենքի 9-րդ հոդվածի (Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը և համապատասխան մարմինների հաստիքացուցակը հաստատելը (փոփոխելը)) հիման վրա, համաձայն որի, քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը փոփոխում է քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ համապատասխան մարմնի ղեկավարի՝ տվյալ դեպքում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի առաջարկությամբ:
ՀՀ ՔԾԽ-ին ներկայացված այդ առաջարկության մեջ բերվել է հիմնավորում, համաձայն որի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկից այդ պաշտոնները հանելը պայմանավորված է ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի աշխատակիցների կողմից կատարվող աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ և այն հանգամանքով, որ ՀՀ վերահսկիչ պալատը վերահսկիչ գործառույթ իրականացնող մարմնից պետք է անցում կատարի հաշվեքննիչ գործառույթ իրականացնող մարմնի՝ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Հաշվեքննիչ պալատի վերաբերյալ դրույթների:
Ելնելով դրանից՝ ներկայացված հիմնավորման մեջ նշվել է, որ այդ գործառույթներն իրականացնելու համար աշխատակիցներից պահանջվում են մասնագիտական գիտելիքների նոր չափանիշներ և նպատակահարմար է գտնվում աշխատակազմը համալրել կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականներով և քաղաքացիական (չշփոթել քաղաքացիական ծառայության) աշխատանք կատարող անձանցով: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը իրավասու չէ կասկածի տակ առնելու նման առաջարկություններով հանդես եկող պաշտոնատար անձանց ներկայացրած հիմնավորումները:
Ինչ վերաբերում է Օրենքի 29-րդ հոդվածի այն մասին, որին հղում է կատարվում ՀՔԱՎ գրասենյակի տարածած տեղեկատվության և ենթադրաբար դրանում վկայակոչվող կրճատումներից մտահոգ քաղաքացիական ծառայողների նամակում և որով փորձ է արվում ապօրինություն «բստրել» մասնավորապես ՀՀ ՔԾԽ-ի գործունեության մեջ, վերաբերում են այն դեպքերին, երբ կրճատումներով ուղեկցվող կառուցվածքային փոփոխությունների հետևանքով ստեղծվում են քաղաքացիական ծառայության նոր պաշտոններ և առաջանում է դրանք համալրելու անհրաժեշտություն:
Այդ պարագայում գործում են առաջնահերթորեն սահմանված կարգով կրճատման ենթարկված քաղաքացիական ծառայողներին նախապատվություն տալու սկզբունքը: Մինչդեռ տվյալ դեպքում, կրկնում ենք, տեղի է ունեցել անվանացանկից քաղաքացիական ծառայության պաշտոնների հանման գործընթաց: Հետևաբար իրականացված կրճատումների անօրինականության և դրան ՀՀ ՔԾԽ-ի մասնակցության հետ կապված մեղադրանքներն անհիմն են և անհեթեթ:
Այդ քաղաքացիական ծառայողներից երկուսը դիմել են ՀՀ ՔԾԽ-ին և ստացել համապատասխան բացատրություն: Ցավալի է, որ դրանից հետո նախընտրությունը տրվել է իրականությունը թյուրիմացաբար կամ միտումնավոր աղավաղելու գործընթացին մասնակցությանը:
Հիշեցնենք, որ անվանացանկից պաշտոնների հանման հետևանքով կրճատման ենթարկված քաղաքացիական ծառայողներն Օրենքով սահմանված կարգով գրանցվում են քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում և օգտվում 6 ամսվա ընթացքում վարձատրություն ստանալու իրավունքից:
Գոռ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
16.06.2017