Ջերմուկ քաղաքում կկառուցվեն հանքային ջրի լողավազաններ և բացօթյա ամֆիթատրոններ
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Ջերմուկում 10 մլն դոլար ներդրում է իրականացվելու բարեկարգման աշխատանքների համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։
«Ջերմուկում լուրջ ծրագրեր են իրականացվելու։ Համաշխարհային բանկը 10 մլն դոլարի ներդրում է անելու, որպեսզի բարեկարգման աշխատանքներ կատարվեն։ Այս հարցով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն է զբաղվում, իսկ մենք նախագծերի վերաբերյալ ուսումնասիրություններ ենք անում և ներկայացնում մեր չափորոշիչները»,- ասաց Նարեկ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Ջերմուկի քաղաքային զբոսայգին ամբողջությամբ վերանորոգվելու է, լճի հարևանությամբ իրականացվում է տաք հանքային ջրով համալիր լողավազանների շինարարություն։ Սա իրականացվում է մասնավոր ներդրողների կողմից։
«Բոլոր երկրներում, որտեղ կան հանքային տաք ջրեր, հիմնական կառույցները հենց այդ լողավազաններն են և մենք շատ շուտով այդ հարցին լուծում կտանք։ Ջերմուկում կա ձոր, որտեղից դեպի վերև լինելու է վերելակ: Քաղաքում առհասարակ լինելու է ամբողջական վերանորոգում՝ բնակելի հատվածի շենքերի ճակատների, մայթերի, փողոցների, եզրաքարերի լուսավորության։ Այստեղ նաև կառուցվելու է բացօթյա ամֆիթատրոն՝ նախագծերի էսքիզները քննարկելու ենք հաջորդ շաբաթ»,- ընդգծեց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը։