Բաժիններ՝

«Կունենանք ավելի բարձր տնտեսական աճ, կունենանք ավելի բարձր հարկեր». Վարդան Արամյան

Առաջին եռամսյակի համար 6.5% տնտեսական աճը բավականին լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ տարվա համար թիրախավորվել է 3.2%։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ հիմնական աճին նպաստել են արդյունաբերությունը, ծառայությունների ոլորտը և առևտուրը։

«ՏԱՑ ցուցանիշի մասով հունվար-ապրիլին աճը 5.7% է եղել։ Հունիսին, չի բացառվում, որ ևս մի փոքր դանդաղում ունենանք, բայց էական նվազում տարվա կտրվածքով չենք ակնկալում։ Արտահանումը շարունակում է դրսևորել առաջանցիկ աճ ներմուծման նկատմամբ, մասնավորապես՝ արտահանումը կազմել է 16%, իսկ ներմուծումը՝ 14%»,- ասաց Վ.Արամյանը։

Անդրադառնալով հարկաբյուջետային քաղաքականությանը՝ նախարարը նշեց, որ հետճգնաժամային ժամանակաշրջանում սա առաջին դեպքն է, որ բարձրացրել են հարկերի հավքման շեմը, ապրիլ-մայիսին ցուցանիշը վկայում է, որ հարկահավաքումը շարունակվում է ճշգրտված բարձր ցուցանիշով՝ տարվա կտրվածքով՝ 1 տրլն 197մլրդ, ապրիլին այն կազմել է 107.5 մլրդ (2016-ի ապրիլին՝ 97 մլրդ էր), մայիսին կազմել է 92.4 մլրդ դրամ (2016-ի մայիսին՝ 91.9 մլրդ դրամ). «Երկու ամսում ավելի քան 10 մլրդ-ով նախորդ տարվա նկատմամբ ունենք հարկերի հավաքագրումների աճ։ Տարեկան նշաձողը բավականին ամբիցիոզ է, բայց իրագործելի»։

«Կունենանք ավելի բարձր տնտեսական աճ, կունենանք ավելի բարձր հարկեր»,- նկատեց Վ.Արամյանը։

Ծախսերն առաջին եռամսյակում, ըստ նրա, պահպանողական են իրագործվել՝ ծրագրվածից 26 մլրդ դրամով քիչ, իսկ ապրիլ-մայիսին՝ ըստ ծրագրվածի։

Վ.Արամյանը տեղեկացրեց, որ միջին ժամկետ ծախսային ծրագրում դրված է միջինում 5% տնտեսական աճ։ Նա նշեց, որ տնտեսության ազդակները դրված են Սերժ Սարգսյանի ելույթում, որտեղ նա խոսել է մրցունակության և արտահանման մասին։ Նախարարի խոսքով՝ ծրագրում դրված են բարձր ցուցանիշներ, բայց դրանք իրագործելի են։

Վ.Արամյանը ներկայացրեց նաև նախարարության նոր կայքը։ Ըստ նրա՝  փորձել են այն առավել պարզ դարձնել, որպեսզի ցանկացած օգտագործողի համար մատչելի լինի։ Նախարարի խոսքով՝ հիմնական մասը պետական գնումներն են, այդ թվում՝ գնման պայմանագրերի կատարումը տեղափոխվել է էլեկտրոնային հարթակ։ Վ.Արամյանը նշեց, որ մինչ այս պայմանագրերը ձեռքով կատարելու դեպքում կոռուպցիոն ռիսկեր կային, այժմ մարդկային միջամտությունը բացառվում է, և արդյունավետության բարձրացում կլինի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս