Բաժիններ՝

Թուրքիայի ընդդիմության բողոքի երթին մասնակցում է նաև Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի կողմից նախաձեռնված «արդարության երթ»-ը, որն Անկարայից ձգվելու է Ստամբուլ, շարունակում է ներգրավել նորանոր մարդկանց: Ինչպես հաղորդում է թուրքական Diken-ը, երթի երկրորդ օրը Քըլըչդարօղլուին են միացել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախկին անդամներ:

«Արդարություն» գրությունը ձեռքին երթի մեջ է նաև Հայոց ցեղասպանության ոճրագործ Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը: Ակնկալվում է, որ երթի մասնակիցները հունիսի 16-ին կանցնեն 22 կմ ճանապարհ: Ստամբուլում նրանք կլինեն մոտ 25 օրից:

Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից բողոքի ցույցեր են իրականացվել նաև Թուրքիայի տարբեր քաղաքներում՝ Մալաթիայում, Մանիսայում, Տրապիզոնում, Մուղլայում, Ստամբուլում՝ Մալթեփեի բանտի դիմաց և այլն:

Քըլըչդարօղլուն և նրա կողմնակիցները հունիսի 15-ին սկսել են իրենց երթը Անկարայի Գյուվենպարկ զբոսայգուց: Երթը պետք է ավարտվի Ստամբուլի Մալթեփեի բանտի մոտ: Այն իրականացվում է՝ ի նշան բողոքի նույն կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման մասին դատարանի որոշման: Քեմալականները քայլելուց հետո գիշերելու են ճանապարհների վրա տեղադրված վրաններում:

Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին բեռնատարների վերաբերյալ: Հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում:

Cumhurriyet թերթի լրագրողները, այդ թվում և գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը ձերբակալել էին դեռևս 2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետություն»խմբավորման ահաբեկիչներին:

Դատարանը լրագրողներին մեղադրել էր պետական գաղտնիքներ հրապարակելու, լրտեսության և ահաբեկչական գաղտնի կառույցի անդամակցելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս