Լեոնարդո դի Կապրիոն «Օսկարը» քննիչներին է տվել հափշտակումների գործի պատճառով
Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն իրավապահ մարմիններին է տվել «Օսկար» արձանիկը, որը պրոդյուսերներն իրեն էին նվիրել «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմում նկարահանվելուց հետո: Հունիսի 16-ին այս մասին հաղորդել Է Reuters-ը։
Մրցանակը հանցանշան է դարձել Մալայզիայի ներդրումների 1MDB հիմնադրամից, որին հովանավորում է ԱՄՆ-ի կառավարությունը, Red Granite կինոընկերության կողմից դրամական միջոցների հափշտակությունների գործով: Հետաքննության վարկածով՝ պրոդյուսերները հիմնադրամից գողացված 100 միլիոն դոլարն օգտագործել են «Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմի նկարահանումների համար:
Կինոնկարին մասնակցելու համար դի Կապրիոյին են նվիրել այն արձանիկը, որը 1955 թվականին շահել Է դերասան Մառլոն Բրանդոն: Իրավապահ մարմինները կապ են նկատել պարգեւի եւ հանցագործության միջեւ: Բացի «Օսկարից», դերասանը նաեւ քննիչներին կտա այլ նվերներ, որոնք ստացել է հափշտակությունների մեջ կասկածվող պրոդյուսերներից:
«Ուոլ սթրիթի գայլն» էկրան է բարձրացել 2013 թվականին: Ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է: Կինոժապավենն ստացել է «Օսկարի» հինգ անվանակարգ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում:
Լեոնարդո դի Կապրիոն իր առաջին արձանիկն ստացել է 2016 թվականին «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում «Ողջ մնացածը» կինոնկարի համար: