Արցախում սկսվել է ցորենի և գարու բերքահավաքը. միջին ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվան
Արցախի դաշտային հատվածում սկսվել է ցորենի և գարու բերքահավաքը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանն ասել է, որ հունիսի 16-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի՝ հնձի ենթակա 58 հազար 48 հեկտար ցանքատարածություններից հնձվել է շուրջ 6189 հա-ը:
Ընդհանուր առմամբ՝ հավաքվել է 12 հազար 11,7 տոննա բերք:
Ըստ հացահատիկային մշակաբույսերի՝ ներկայացնելով բերքահավաքի արդյունքները՝ Վ. Ավետիսյանը մասնավորապես ասել է, որ հնձվել է 10 հա ցորեն և 6179 հա գարի: Միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 25,1 ցենտներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23,2 ց/հա-ի դիմաց:
Նշենք, որ այս տարի «ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ի պահեստներում 1 կգ գարու կանխիկ ձեռքբերման գինը սահմանվել է 85 դրամ, իսկ բոլոր այն քաղաքացիները, ովքեր պարտավորություններ ունեն Հիմնադրամի նկատմամբ, դրանց դիմաց հնարավորություն կունենան բերքը հանձնել ավելի բարձր՝ 1 կգ-ն 95 դրամով:
Հիմնադրամի Արցախի պահեստներում ցորենի գինը սահմանվել է 1 կգ-ը 95 դրամ, իսկ պարատավորությունների դեպքում՝ քաղաքացիները դրանց դիմաց հնարավորություն կունենան բերքն հանձնել ավելի բարձր գնով՝ 1 կգ-ն 105 դրամով:
Երևանում գործելու է Հիմնադրամի կողմից վարձակալված պահեստը, որտեղ պահեստավորվող հատիկի գինը կիլոգրամի դիմաց, հաշվի առնելով ճանապարհածախսը, 15 դրամով բարձր է լինելու Արցախում սահմանված գնից:
Պարենային ցորենի մթերումն իրականացվելու է ալրաղացների միջոցով՝ կգ-ն 105- 120 դրամ գնով՝ կախված սոսնձանյութի պարունակությունից: