
Ավելի քան 862 հազար մարդ է լքել Մոսուլը ԻՊ-ի դեմ գործողության սկսվելուց ի վեր

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից Մոսուլի ազատագրման գործողության սկսվելուց ի վեր ավելի քան 862 հազար մարդ է լքել քաղաքը: Այդ մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության ներկայացուցիչ Բրունո Գեդոն:
«Կառավարության տվյալների համաձայն, որոնք մենք ստացել ենք մեկ ժամ առաջ, գործողության սկսվելուց ի վեր ավելի քան 862 հազար մարդ է լքել Մոսուլը: Նրանցից 192 հազարը վերադարձել են իրենց տներ: Դրա հետ մեկտեղ ներկայում տեղահանված է մնում 667 հազար մարդ. 635 հազարը՝ քաղաքի արեւելքից»,-ասել է նա: Գեդոյի խոսքով՝ ՄԱԿ-ի վարչությունն այն կարծիքին է, որ հին քաղաքի արեւմտյան մասում մնում է եւս 100 հազարից ավելի մարդ:
Իրաքում ԻՊ-ի խոշորագույն հենակետի՝ Մոսուլի ազատագրման գործողությունը՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ, շարունակվում է 2016 թվականի հոկտեմբերից: Իրաքցի զինվորականներն սկզբում ազատագրել են քաղաքի արեւելյան մասը, իսկ փետրվարին գործողություն են սկսել նրա արեւմտյան մասում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: