Ճապոնիայում ուժի մեջ է մտել գահից Ակիհիտո կայսեր առաջիկա հրաժարման մասին օրենքը
Ճապոնիայի կառավարությունը հունիսի 16-ին գործարկել է ավելի վաղ խորհրդարանի կողմից ընդունված եզակի օրենքը, որը վերջին 200 տարվա ընթացքում առաջին անգամ երկրի կայսրին թույլ է տալիս հրաժարվել գահից: Փաստաթուղթը, ինչպես հայտնում է դրա պաշտոնապես հրապարակված տեքստը, գործում է երեք տարի եւ վերաբերում է միայն ներկայում գործող միապետին։
83-ամյա Ակիհիտո կայսրի հրաժարման ստույգ օրը կորոշվի հետագա կոնսուլտացիաների ընթացքում եւ կձեւակերպվի կառավարական հրամանագրի տեսքով: Դրանից անմիջապես հետո գահը կփոխանցվի նրա որդուն՝ 57-ամյա գահաժառանգ արքայորդի Նարուհիտոյին:
Առայժմ առավել հավանական է համարվում այն տարբերակը, ըստ որի Ակիհիտոն հանգստի կգնա 2018 թվականի դեկտեմբերին: Սակայն չի բացառվում, որ դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ: Կա նաեւ առաջարկ կայսրի փոխարինումն իրականացնել ֆինանսական տարվա ավարտվելու հետ միաժամանակ՝ 2019 թվականի մարտի 31-ին՝ երկրում գործավարությունը թեթեւացնելու համար:
Գահից հրաժարվելուց հետո Ակիհիտոն առաջվա պես կկոչվի «Ձերդ գերազանցություն», նա կպահպանի իր ներկայիս նյութական ապահովումը, թեեւ կտեղափոխվի այլ պալատ: Միեւնույն ժամանակ նա ամբողջությամբ որդուն կփոխանցի իր՝ որպես պետության եւ ժողովրդի միասնության խորհրդանիշի սահմանադրական գործառույթները: Օրենքում հատուկ վերապահություն է արվում, որ հանգստի գնացող կայսը զրկվում է իր բոլոր լիազորություններից ու պարտավորություններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: