«Դեղերը վերցնում եմ, իսկ հետո վճարում դրանց համար». Ռաֆայել Քոթանջյանը` դեղատներից պարտքով օգտվելու մասին. asekose.am
«Ես դեղերը պարտքով չեմ գնում: Պարզապես չեմ կարող այդքան վճարել միանգամից և վճարում եմ այնքան, ինչքան այդ պահին կարողանում եմ: Դա պարտք չէ, նման խնդիր չունեմ և նեղված չեմ: Պարզապես չեմ սիրում միանգամից ամբողջ գումարը տալ, դա պարտքի հետ պետք չէ կապել»,- Asekose.am-ին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը` մեկնաբանելով համացանցում հայտնված տեղեկությունը, որի համաձայն` ինքը դեղատներից դեղերը պարտքով է վերցնում:
Դերասանի խոսքով` սա պարզապես վճարման իր տարբերակն է, իսկ ինքը, որպես այդպիսին, որևէ ֆինանսական խնդիր չունի, քանի որ աշխատում է, ինչպես նաև թոշակ է ստանում.
«Ես դեղերը վերցնում եմ` մինչ աշխատավարձս և թոշակիս գումարը հավաքվում է: Ես նախընտրում եմ գնման այս տարբերակը, ինչի շնորհիվ էլ կարողանում եմ գնել այն դեղերը, որոնք ցանկանում եմ»:
Այն դիտարկմանը, որ արդյո՞ք իրեն որպես ՀՀ ժողովրդական արտիստ անտեսված չի զգում` հաշվի առնելով, որ բավականաչափ գումար չունենալու պատճառով ստիպված է դեղերը գնել այս տարբերակով, Ռաֆայել Քոթանջյանն ասաց, որ որևէ նեղվածություն և բողոք չունի.
«Որևէ մեկից դժգոհություն չունեմ, որովհետև ամեն մեկն իր բուժման նախընտրած տարբերակն ունի, ինձ համար այս ամենը նեղություն չէ»:
Զրույցի վերջում Ռաֆայել Քոթանջյանը հավելեց, որ ֆինանսական և առողջական խնդիրներ չունի:
Հիշեցնենք, որ համացանցային օգտատերերից մեկը գրել էր այն մասին, որ սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանին տեսել էր պարտքով դեղեր գնելիս: Գրառման մեջ օգտատերը դիմել էր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին` գրելով հետևյալը.
«Երկար էի մտածում անդրադառնալ այս երևույթին, թե ոչ, բայց թող ների ինձ պարոն Քոթանջյանը, չկարողացա լռել:
Հարց՝ ո՞ւր է նայում առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, երբ նման վաստակ ունեցող անձը նիսյայի տետրում գրանցում է իր գնած դեղերի գումարը:
Չեմ ասում, որ սա ազգային ողբերգություն է, բայց, պարոն Ալթունյան, երբեմն կարելի է զանգել այդ մարդկանց, հարցնել՝ ո՞նց ես, չէ՞ որ մեր հայ մտավորականներից այլևս մարդ չի մնացել: Իսկ ՀՀ ժողովրդական արտիստի կոչումը նրան հենց այնպես չեն շնորհել, ինչպես օրինակ հիմա, երբ ում պատահում է, տալիս են»:
Լիլիթ Հակոբյան